Ինչո՞ւ է Մբապեի նոր պայմանագիրը ՊՍԺ-ի հետ փոխում ժամանակակից ֆուտբոլը
Թվում էր, թե Կիլիան Մբապեն, մեկ տարուց ավելի է, ցանկանում էր Փարիզից Մադրիդ տեղափոխվել։ Բայց հենց որ ֆրանսիացին որոշեց փոխել իր ֆուտբոլային քաղաքը, լուրեր հասան, որ Մբապեն դեռ կմնա Ֆրանսիայում։ Հաղորդվում է, որ շաբաթ օրը կեսօրին Կիլիանը զանգահարել է Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսին, որպեսզի ինքը տեղեկացնի իր որոշման մասին: Քանի որ ենթադրվում էր, որ 23-ամյա հարձակվողը անձնական գործարք է կնքել իսպանացիների հետ, Պերեսին զանգահարելը, հավանաբար, ամենաքիչն էր, ինչ նա կարող էր անել: Տրամաբանական հարց է ծագում՝ ի՞նչը համոզեց Մբապեին հրաժարվել «Ռեալ» տեղափոխվելուց։
Թերևս, լինելով փարիզեցի, ֆրանսիացին հրապուրվել է հայրենիքում մնալու գաղափարով, բայց միևնույն ժամանակ անհավատալի է թվում, որ ՊՍԺ-ից, բացի ֆինանսական խոստումներից, այլ խոստումներ չեն եղել։ Պայմանագրի ստորագրմանն ընդառաջ տեղեկատվական դաշտը լցվում էր տարբեր ասեկոսեներով՝ մեկը մյուսից վառ։ Հաղորդվում էր, օրինակ, որ ՊՍԺ-ն Մբապեին առաջարկել է դառնալ ակումբի համասեփականատեր։ Ենթադրվում էր նաև, որ խաղացողը իրավունք կունենա ընտրել թիմի մարզչին և ազդել ՊՍԺ-ի տրանսֆերների վրա։ Դժվար է ասել, թե դրանցից որն է ճիշտ, բայց մի բան պարզ է՝ ՊՍԺ-ում երիտասարդ ֆրանսիացին հսկայական ազդեցություն կունենա:
Միաժամանակ պետք է նկատի ունենալ, որ փարիզյան ակումբի հետ նոր երեք տարվա պայմանագիրը դժվար թե ցրի այն միտքը, որ Մբապեն կարող է հեռանալ թիմից ապագայում։ Մեկ տարի հետո կսկսվեն խոսակցությունները ֆրանսիացու պայմանագրի մոտալուտ ավարտի մասին։ Հավանական է, որ «Ռեալը» չի սպասի մինչև 2025 թվականը և կփորձի գնել Մբապեին մինչև ՊՍԺ-ի հետ Կիլիանի պայմանագրի ավարտը։ Ակնհայտ է, որ փարիզյան թիմի ղեկավարությունը դա շատ լավ հասկանում է, ինչը նշանակում է, որ Մբապեն լծակներ կունենա ՊՍԺ-ի ղեկավարների վրա՝ եթե չես ուզում կորցնել ակումբի գլխավոր աստղին, խնդրում եմ, բարի եղիր բավարարել երիտասարդ ֆրանսիացու բոլոր քմահաճույքները:
Մենք կկարողանանք գնահատել Կիլիանի հզորության չափը ՊՍԺ-ում, երբ նոր մենեջերի նշանակման կամ նոր խաղացողի ձեռքբերման նախադեպ լինի։ «Պարի Սեն Ժերմենը» կգործի ակումբի շահերից ելնելո՞վ, թե՞ կհետևի Մբապեի օրինակին։ Իհարկե, ֆուտբոլի պատմության մեջ կան այնպիսի խաղացողների օրինակներ, ովքեր նման ազդեցություն են ունեցել իրենց թիմերում, բայց սովորաբար ֆուտբոլիստներն այդքան վաղ տարիքում նման ուժ չէին ստանում։ Միևնույն ժամանակ աստղային խաղացողներն ու նրանց արքայական բարքերը հաճախ խոչընդոտ էին դառնում ակումբի հաջողության ճանապարհին:
Կրիշտիանու Ռոնալդու և Լիոնել Մեսսի
Ֆուտբոլային տարեգրությունը լի է նման պատմություններով՝ սկսած «Նյուքասլ»-ից Ռուդ Գուլիտից ազատվելուց հետո, երբ մարզիչը նստեցրեց աստղային հարձակվող Ալան Շիրերին, վերջացրած Ջոն Թերիով, ով իբր զրույց է ունեցել Ռոման Աբրամովիչի հետ այն պատճառով, որ Ժոզե Մոուրինյոյի օրոք չի ստացել բավականաչափ խաղաժամանակ։
Ակումբի սեփականատերերը աստղային խաղացողներին հատուկ արտոնություններ են տալիս և լսում նրանց կարծիքը տրանսֆերների հարցում։ Սակայն, փաստորեն, պատմության մեջ միայն երկու խաղացողներ են խելահեղ ազդեցություն ունեցել իրենց թիմերի ղեկավարության վրա։ Խոսքը, իհարկե, Կրիշտիանու Ռոնալդուի ու Լիոնել Մեսսիի մասին է։
Յուրաքանչյուր ակումբում, որտեղ Ռոնալդուն խաղացել է, պորտուգալացին չի վախեցել սեփականատերերին հայտնել, թե ում պետք է ստորագրեն և որ մարզչին ընտրեն: Ժամանակին Կրիշտիանուի ազդեցությունն ակումբի ղեկավարների վրա ակնհայտ էր։ Ինքը՝ Ռոնալդուն, բացատրելով իր հեռանալը «Ռեալից», հաստատել է իր երբեմնի բարձր կարգավիճակը Մադրիդում.
«Ակումբի ներսում ես զգացի, հատկապես նախագահից, որ ինձ այլևս նույնը չէին համարում, ինչ կարիերայիս սկզբում։ Առաջին չորս-հինգ տարիներին ես ինձ Կրիշտիանու Ռոնալդուն էի զգում: Ժամանակի ընթացքում իրավիճակը փոխվել է։ Նախագահի հայացքն ասում էր, որ ես դադարել եմ լինել անփոխարինելի»։
Հավանաբար, Մեսսին «Բարսելոնայում» ավելի մեծ ազդեցություն ուներ:
2020 թվականին արգենտինացին նպաստեց սպորտային տնօրեն Էրիկ Աբիդալի, իսկ ավելի ուշ՝ նախագահ Խոսեպ Բարտոմեուի հեռանալուն։ Բարտոմեուի հրաժարականն ընդհանուր առմամբ վերածվեց մի ամբողջ դրամայի։ Տնօրենը լքել է իր պաշտոնը առաջարկվող հեռանալուց մի քանի ամիս առաջ, ինչը դեմ է եղել ակումբի ավանդույթներին։ Եվ ամեն ինչ Մեսսիի ամառային տրանսֆերի մասին Բարտոմեուի անզգույշ խոսքերի պատճառով։ Այսպես թե այնպես, ոչ մի բարեփոխում «Բարսային» չօգնեց լուծել ֆինանսական լուրջ խնդիրները, որոնք ի վերջո ստիպեցին Մեսսիին հեռանալ հարազատ թիմից: Բայց ակումբում տեղի ունեցած փոփոխությունները, որոնք տեղի ունեցան Մեսսիի վերջին մրցաշրջանում «Բարսելոնայում», ցույց տվեցին, թե որքան ուժ ուներ խաղացողը:
Միևնույն ժամանակ, Կրիշտիանուի և Լիոնելի չափից ավելի ազդեցությունը իրենց թիմերի ղեկավարության վրա հաճախ օգտակար չէր ակումբների համար:
Թող «Ռեալը» Ռոնալդուի գլխավորությամբ մի քանի անգամ հաղթի Չեմպիոնների լիգան, ով գիտի, թե դեռ քանի տիտղոս կարող էր Պերեսը տեղադրել իր աշխատասենյակում, եթե չլիներ Կրիշտիանուի պայքարը թիմում իշխանության համար: «Գահերի խաղը» Բարսելոնայում նույնպես Մեսսիի ուշադրությունը շեղեց ֆուտբոլից «կապտանռնագույնների» համար առանց այն էլ բուռն սեզոնի ընթացքում:
Ժամանակը ցույց կտա՝ արդյո՞ք Մբապեն իսկապես ունի նույն ուժը, ինչ ունեին այս լեգենդար խաղացողները:
Զգացողություն կա, որ Մբապեի նոր պայմանագիրը ՊՍԺ-ի հետ մեծապես կազդի մյուս բարձրակարգ խաղացողների՝ իրենց գործատուների պահանջների վրա։ Կարծես թե մենք մեծ ֆուտբոլում լուրջ փոփոխությունների ականատես կլինենք։
Սիրարփի Աղաբաբյան