Սահմանադրությունը ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանի քաղաքական հայացքները չէ, որ մշտապես փոփոխվի. Մամիջանյան
«Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» կազմակերպության նախագահ, պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանը Ֆրանսիայի հրապարակում ընդդիմադիր պատգամավորների հետ հարցուպատասխանի ժամանակ հետաքրքրվեց՝ հնարավո՞ր է արդյոք հաղթանակից հետո անցում նախագահական կառավարման համակարգին՝ հաշվի առնելով, որ այսօր Սահմանադրական բարեփոխումների նոր օրակարգ կա, և արդյո՞ք հնարավոր է ակնկալել, որ պատասխանատվություն կենթադրվի քաղաքացիների այս կամ այն հայտարարությունների համար:
Այս հարցադրումներին նախ անդրադարձավ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը՝ նկատելով. «Այսօրվա առկա Սահմանադրական բարեփոխումների օրակարգը կեղծ է: Թե ինչ նպատակ է սպասարկում, կարծում եմ՝ հանրությանը շեղելու առկա օրհասական խնդիրներից:
Արդյո՞ք ՀՀ-ն ունի սահմանադրական բարեփոխումների կարիք. գիտեք, 2015 թ. Սահմանադրական բարեփոխումներն իրական կյանքում ամբողջությամբ չեն իրացվել:
Ասել, թե որ կառավարման համակարգն է ավելի արդյունավետ, եթե ուսումնասիրենք հենց ՀՀ փորձը, կարծում եմ՝ կիսանախագահական կառավարման համակարգը բավականաչափ արդյունավետ է եղել»:
«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանն էլ հավելեց. «Երկրի Սահմանադրությունը՝ Մայր օրենքը, Վահագն Ալեքսանյանի քաղաքական հայացքները չեն, որ անդադար փոփոխվի՝ մեկ Բարգավաճ, մեկ ՔՊ-ական, անհրաժեշտ է որոշակի պրոբացիոն շրջան, որպեսզի այդ Սահմանադրությունն իրապես աշխատի»:
Ապա անդրադառնալով երկրորդ հարցին՝ պատգամավորը նշեց՝ ՀՀ հասարակական- քաղաքական դաշտում առկա ատելությունը, հայհոյանքը բերել է Նիկոլ Փաշինյանը՝ իր անձով, իր պահվածքով:
«Ինքը հասցրեց նրան, որ մեր երկրում քաղաքական դիսկուրսը հասել է՝ ով կարող է ավելի բարձր հայհոյել ու ավելի զզվելի բան կարող է ասել Ֆեյսբուքում: Մենք այդ քաղաքական օրակարգով չենք շարժվում, որովհետև եթե մենք անցնենք իրենց դաշտ, իրենք իրենց փորձառությամբ մեզ պետք է փորձեն խեղդել, որովհետև իրենք դա լսելու շատ մեծ փորձ ունեն. Սյունիքում ահագին լսել են:
Օրենսդրական տեսանկյունից, ազատ խոսքի սահմանափակման տեսանկյունից նման գործողություն որևէ կերպ իշխանափոխությունից հետո չի արվելու, ավելին՝ չեղարկելու են խայտառակ օրենքը ծանր վիրավորանքի հետ կապված, որը հիմա գործում է, և համաներում է իրականացվելու տրված բոլոր տուգանքների համար»,- հավելեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղարը: