Երեք հիմնական նախապայմաններով պետք է լուծվի Արցախի հարցը. Արմեն Ռուստամյան

Այս պահին, երբ  խորհրդարանում Կառավարության անդամները և առավելապես գործադիրի ղեկավար Նիկոլ Փաշինյանը պատասխանում էին բացառապես ՔՊ-ական պատգամավորների հարցերին, Ֆրանսիայի հրապարակում ընդդիմադիր պատգամավորները պատասխանում էին քաղաքացիների հարցերին: Առաջին հարցը վերաբերում էր Արցախի ճակատագրին. ինչպե՞ս պետք է լուծվի Արցախի հարցը՝ հետաքրքրում էր քաղաքացուն:

ԱԺ պատգամավոր, ՀՅԴ անդամ Արմեն Ռուստամյանն ի պատասխան՝ շեշտեց, որ  Արցախի հարցի լուծման հետ կապված անելիքները ժողովուրդը վաղուց ձևակերպել է,  և որևէ իշխանություն այլ բան չի կարող անել, քանի իրականացնել ժողովրդի կամքը, և որն արձանագրել  է Արցախի ժողովուրդը:

Պատգամավորը նշեց այն սկզբունքները, որոնցով պետք է առաջնորդվեն իշխանությունները, և առանց որոնց, ըստ նրա, չի կարող լինել Արցախի հարցի հայանպաստ լուծում.

«Այն, ինչ մենք նաև այսօր որպես կարմիր գիծ ենք ասում և պետք է չանցնի որևէ իշխանություն՝ բացառել Արցախի որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում. սա եթե տեղի ունեցավ, մենք գիտենք, թե դա ինչով է ավարտվում, դա կավարտվի Արցախի հայաթափմամբ, մենք դրա օրինակը ունենք՝ Նախիջևանը:

Արցախի հայաթափումը բացառող մյուս կարևոր պայմանը անկլավային վիճակի բացառումն է. ակնհայտ է. որ եթե Մայր Հայաստանի հետ ցամաքային կապ չունեցավ Արցախը, մենք Արցախում հայապահպանության հետ կապված խնդիր ենք ունենալու՝ ինչպես ժամանակին Արծվաշենն ուներ անկլավային վիճակ, և ոչ մի հայ այնտեղ չի մնացել:

Հաջորդ հարցը անվտանգության համակարգի ամրապնդումն է, առաջինը՝ Արցախի տեղի հնարավորություններով, ուժերով անվտանգության ապահովում, Հայաստանի՝ որպես Արցախի անկախության և անվտանգության երաշխավորի հանձնառությունից բխած անմիջական մասնակցություն անվտանգային համակարգի ձևավորման հարցում և այսօրվա իրավիճակից թելադրված՝ ռուս խաղաղապահ ուժերի անժամկետ ներկայություն:

Սա հնարավոր է նաև պաշտպանել բանակցային գործընթացում, ինչը հաջողությամբ կատարվել է, և այս իշխանությունների բոլոր հայտարարությունները, թե այդ մոտեցումը պաշտպանելի չէ, մեզ ոչ միայն մոլորեցնում է, այլ ուղղակի սպասարկում է Ադրբեջանի և Թուրքիայի ծրագրերն ու շահերը»:

Արմեն Ռուստամյանը նկատեց, որ թափ առնող շարժման անդամները գիտակցում են, որ Հայաստանն ու Արցախը առանց մեկը մյուսի գոյություն չունեն:

Տեսանյութեր

Լրահոս