
Մևլութ Չավուշօղլուն մեկնաբանել է Իսրայելի արտգործնախարարի հետ ունեցած հանդիպումը

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Իսրայելի արտգործնախարար Յաիր Լապիդի հետ հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ամփոփել է հանդիպման արդյունքները: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
Նա նշել է, որ Թուրքիան և Իսրայելը միակարծիք են երկխոսության տարբեր մեխանիզմներ ձևավորելու և երկկողմ հարաբերությունները խթանելու անհրաժեշտության հարցում։ Չավուշօղլուն նաև ընդգծել է Իսրայելի հետ առևտրի ծավալներն ավելացնելու Անկարայի պատրաստակամությունը։
Անդրադառնալով պաղեստինա-իսրայելական հակամարտությանը՝ Չավուշօղլուն ասել է, որ Թուրքիան հանդես է գալիս «երկու պետություն երկու ժողովուրդների համար» սկզբունքի վրա հիմնված կարգավորման օգտին:
«Մենք կարծում ենք, որ այս սկզբունքը տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության միակ ճանապարհն է»,-ասել է Չավուշօղլուն:
Նա նշել է, որ իր իսրայելցի գործընկերոջ ուշադրությանն է ներկայացրել Թուրքիայի զգայունությունը իսլամական սրբավայրի՝ Արևելյան Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթի կարգավիճակի վերաբերյալ։