Բաժիններ՝

Ծիծեռնակաբերդի խճուղին երկկողմանի փակ է. իրականացվում են չափագիտական ստուգումներ

Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի տանող ճանապարհահատվածի փլուզման հետևանքով Ծիծեռնակաբերդի խճուղին երկկողմանի փակ է. հայտնում է ԱԻՆ-ը։

Փլվածքի հետևանքով երթևեկելի հատվածում ճաքեր են առաջացել, որը վտանգավոր է երթևեկության համար:

Երևանի ավագանու մայիսի 24-ի նիստում ավագանու անդամ Էռնեստ Ավանեսովը հարց ուղղեց քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին. «Արդյո՞ք ունենալու ենք պատասխանատուներ՝ Ծիծեռնակաբերդի խճուղու փլված հատվածի հետ կապված, ո՞վ է դրա պատասխանատուն, և ինչքանո՞վ ենք ապահովագրված, որ մյուս շինհրապարակներում նման բաներ չեն լինելու»:

Քաղաքապետն ի պատասխան՝ նշեց. «Դեռ մի ամիս կամ գուցե մի փոքր ավելի առաջ ճաքեր նկատել էինք, այնտեղ եզրակացություն ունեինք, որ այդ ճաքերը շինարարական աշխատանքներից չեն առաջացել: Այնուամենայնիվ, արգելապատնեշները, որպես այդպիսին, մնացել էին այդտեղ: Եթե նախօրոք իմանայինք, գուցե հնարավոր լիներ շուտ կանխարգելիչ միջոցառումներ իրականացնել: Իմ ընկալումն է, որ դա միտումնավոր չէր: Այո, երևի հնարավոր էր դա կանխարգելել: Բայց դրա մասով եզրակացություն կտան արդեն համապատասխան մարմինները»

Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնից փորձեցինք պարզել՝ արդյո՞ք ստուգումներ իրականացվում են, և եթե՝ այո, ապա ե՞րբ կավարտվեն: Հարցին ի պատասխան՝ ՔՏՀԱՏՄ հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Ելենա Զոհրաբյանը հայտնեց, որ տեսչական մարմինը չափագիտական ստուգումներ է իրականացնում, և այն կավարտվի մեկ շաբաթից:

Քաղաքաշինական փաստաթղթերը կստուգեն ու եթե շեղումներ հայտնաբերեն՝ վարչական պատասխանատվության կենթարկեն:

Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար, քաղաքաշինարար Սարհատ Պետրոսյանն էլ մեր հարցին ի պատասխան՝ ասաց՝ բազմիցս է խոսել Դալմայում տեղի ունեցող կառուցապատման վտանգավորության մասին, քանի որ առանց պատշաճ քննարկումների, առանց փորձելու բոլոր շենքերը մի գլխավոր հատակագծում արտացոլելու՝ կառուցվում է հայաստանյան միջին մեծության քաղաքի (25-30 հազար) բնակչություն ունեցող թաղամաս:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս