«Իշխանամերձ տղերք, կառավարումը, սոլիդությունը, ինտելեկտուալ արարչական աշխատանքը շատ հեռու և անհասանելի բան է ձեզ, մի մտեք այդ դերի մեջ»
Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Իշխանության մանր-միջին-խոշոր ներկայացուցիչներին, որոնք դեմքի լուրջ արտահայտությամբ, իբր մտահոգ բյուրոկրատի դեմքով և մաքսիմալ բարակ, վատ կապված փողկապներով և «գործատուի» դիրքով քննադատում են ընդդիմությանը ԱԺ չգալու և ըստ այդմ աշխատանքային պարտականությունները չկատարալու, բայց աշխատավարձ ստանալու համար պետք է ասել մեկ բան:
ԱԺ ընդդիմադիր պատգամավորները անում են երկու բան՝ նախ ներկայանում են աշխատանքի իրենց ընտրողների և հարկատուների պահանջով այնտեղ, որտեղ իրենց ընտրող-հարկատուներն են և իրականացնում են այն գործառույթներն ու պահանջները, որոնք ներկայացվում են ամեն օր իրենց ընտրողների կողմից:
Ավելին՝ առավել կարևոր աշխատանք, քան ընտրողների կամքի արտահայտումն է և ըստ այդմ՝ քաղաքականություն իրացնելը՝ ընդդիմությունը չունի և չի կարող ունենալ: Հենց իրենց ընտրող-հարկատուի քաղաքական կամքի արտահայտման համար էլ նրանք աշխատում և ստանում են աշխատավարձ:
Եվ վերջում, իշխանամերձ տղերք՝ կառավարումը, սոլիդությունը, քաղաքականության խորության ընկալումը, պատասխանատվության բեռը, ինտելեկտուալ արարչական աշխատանքը, բյուրակրատական մասնագիտական ապարատի տիրապետումն ու կազմակերպումը շատ հեռու և անհասանելի բան է ձեզ, մի մտեք այդ դերի մեջ, այն ձեր վրայով չէ և չի լինելու, այդ դերը հենց ձեզ իր մեջից վանում է: Էնպես որ՝ վայելեք ընդդիմության աշխատատու հանդիսացող ընտրողների կամքն ու պարտադրանքը, այն է՝ ձեզ վերապահված դերակատարությունից ձեզ զրկելը»: