«Երբ Անվտանգության խորհրդի նիստը տեղի ունենա՝ կլինի պաշտոնական հաղորդագրություն». Արցախի նախագահի խոսնակը՝ ԱԺ խմբակցությունների նամակի մասին
Արցախի Հանրապետության ԱԺ-ում ներկայացված քաղաքական կուսակցությունները նամակով դիմել են Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին՝ անհրաժեշտ համարելով մայիսի 25-ին հրատապ կարգով հրավիրել ԱՀ Անվտանգության խորհրդի նիստ՝ օրակարգում ներառելով բրյուսելյան հանդիպումից հետո ստեղծված իրավիճակը և անելիքները:
Նամակը ստորագրել են «Ազատ հայրենիք», «Միասնական հայրենիք», «Արդարություն», Արցախի ժողովրդավարական, Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցությունները:
168.am-ի հետ զրույցում Արցախի նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը պատասխանելով մեր հարցին, թե ինչ ընթացք է տրվելու խորհրդարանական խմբակցությունների՝ Արայիկ Հարությունյանին ուղղված նամակին, նշեց, որ Անվտանգության խորհրդի նիստ անցկացնելու վերաբերյալ մանրամասներ չի կարող փոխանցել։
«Կարող եմ միայն ասել, որ, երբ Անվտանգության խորհրդի նիստը տեղի ունենա, դրա վերաբերյալ կլինի պաշտոնական հաղորդագրություն»,- եզրափակեց Լուսինե Ավանեսյանը։
Հիշեցնեմ, որ երեկ Արցախի ԱԺ խմբակցությունները տարածել էին միասնական հայտարարություն մայիսի 23-ին բրյուսելյան հանդիպման վերաբերյալ՝ հայտարարության մեջ ընդգծելով, որ Հայաստանի իշխանությունները պարտավոր են առաջնորդվել բացառապես Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը միջազգային ատյաններում առաջ տանելու և պաշտպանելու դիրքորոշմամբ։
Արցախի ԱԺ «Միասնական հայրենիք» խմբակցությունն էլ իր հերթին էր առանձին հայտարարություն տարածել՝ ընդգծելով, որ Հայաստանն այլևս չի հանդիսանում Արցախի անվտանգության երաշխավորը։