Բաբկեն Թունյանը մոռացե՞լ է, որ ճգնաժամի հանգուցալուծումից հետո տնտեսությունը կարող է արագ վերականգնվել և անգամ շահած դուրս գալ
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը, որի պատգամավորական գործունեությունը հատկապես հիշատակության է արժանի «անգրագետ Պողոսի» մասին իրատեսական դիտարկումներով, այսօր ԱԺ-ում ՀՀ ընդերքի մասին օրենքում լրացում կատարելու նախագծի քննարկման ժամանակ որոշեց խոսել անվտանգային սպառնալիքների համար փողոց դուրս եկած իր գործընկերների մասին:
«Նախագծի հարակից զեկուցողը ես չէի, այլ մեր ընդդիմադիր գործընկերներից մեկը: Երբ առաջին ընթերցման ժամանակ կառավարությունը առաջարկներ էր ներկայացրել, և մեր ընդդիմադիր գործընկերները չէին հասցրել այդ առաջարկներին ծանոթանալ, մենք իրենց ընդառաջ գնալով՝ որոշեցինք այդ առաջարկների քննարկումը հետաձգել առաջինից երկրորդ ընթերցում, որովհետև իրենք այդ օրենքի նկատմամբ ընդգծված հետաքրքրություն ունեին և ցանկանում էին ամեն ինչ մանրամասն քննարկել: Ինչպես տեսնում եք՝ մանրամասն քննարկում են մեզ հետ միասին,- հեգնանքով նշեց ՔՊ-ական պատգամավորը, ապա սահուն անցում կատարեց իշխանական քարոզախոսության բուն թեմային,- Առիթից օգտվելով՝ ուզում եմ մեր հասարակության ուշադրությունը ևս մեկ անգամ հրավիրել այն հանգամանքի վրա, որ արդեն կլինի մեկ ամիս՝ ԱԺ ընդդիմադիր պատգամավորները չեն ներկայանում աշխատանքի ու չեն կատարում իրենց աշխատանքային պարտականությունները: Այսինքն՝ ստացվում է այնպես, որ մենք իրենց գործն անում ենք՝ հերիք չի, մի բան էլ՝ փորձում են խանգարել, որ մենք մեր գործը չկարողանանք անել»:
Պարզվեց նաև, որ շատ քաղաքացիներ հենց Բաբկեն Թունյանից են հետաքրքրվում՝ ընդդիմադիր պատգամավորները գալո՞ւ են ԱԺ, թե՞ ոչ: Նա, սակայն, չմանրամասնեց՝ արդյո՞ք հարցնողների մեջ է նաև իր հարևան «անգրագետ Պողոսը»:
«Այդ հարցի պատասխանը չգիտեմ. ինձ էլ է հետաքրքիր: Եվ քանի որ տեղից մեր մտածելու բաները շատ են, իրենց փոխարեն այդ հարցի պատասխանը չեմ ուզում փորձել գտնել. կորոշեն գալ՝ կգան, չեն որոշի գալ՝ չեն գա, բայց ես այլևս չեմ պատկերացնում, թե տնտեսության, սոցիալական վիճակի, մնացած բաների մասին մտահոգություններ հնչեցնելու հետ միաժամանակ՝ ինչպե՞ս կարելի է նման անպատասխանատու ձևով վերաբերվել սեփական աշխատանքին:
Կան էլի ասելիքներ, բայց ուրախ կլինեմ, երբ մեր գործընկերները նստած կլինեն՝ իրենց նայելով՝ այդ բոլոր հարցերը կհնչեցնեմ»,- մանրամասնեց նա:
Ընդդիմադիրներին մանդատներից զրկելու հնարավորությունն իրականություն դարձնելու ջատագով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ իր հերթին արձագանքեց. «Մի շտապեք՝ մի մասը կարող է նստած չլինեն»:
Ի դեպ, Բաբկեն Թունյանն այսօր միակ պատգամավորը չէր, որ ընդդիմադիր գործիչների մասին հիշատակումներ արեց. ԱԺ-ում միայնակ մնացած իշխանական պատգամավորներն օրեր շարունակ ելույթներից առաջ, հետո ու մեջտեղում հարկ են համարում անդրադառնալ ընդդիմության ակցիաներին՝ Նիկոլից ավելի Նիկոլ սկզբունքով քննադատելով և ծաղրելով:
Բայց ինչո՞ւ որոշեցինք անդրադառնալ հատկապես Բաբկեն Թունյանին, քանի որ նա դեռ 2018 թվականին «հեղափոխության» դրական էֆեկտները վերլուծելու վարպետ էր:
2018 թվականի հայտնի իրադարձությունների ժամանակ, օրինակ, տնտեսական վերլուծաբան Բաբկեն Թունյանն ամենևին չէր կարծում, որ ճիշտ են իշխանությունների այն պնդումները, թե բողոքի մասսայական ակցիաները բացասական են ազդում տնտեսության վրա: Նա մասնավորապես նշում էր, որ թեև փակված մայրուղիները, փողոցները, գրեթե ամենուր գործադուլը տնտեսության վրա չեն կարող չունենալ բացասական ժամանակավոր ազդեցություն, սակայն վստահեցնում էր՝ «ճգնաժամի հանգուցալուծումից հետո տնտեսությունը կարող է արագ վերականգնվել և անգամ շահած դուրս գալ, երբ կատարվեն ցուցարարների պահանջները»։