
Twitter-ի թուրք օգտատերերը ծաղրում են Թուրքիայի արդարադատության նախարարին

Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղի հայտարարությունն այն մասին, որ թե ինչ պատճառով են հետաքննություններ սկսվում Twitter սոցիալական ցանցում գրառում անող Թուրքիայի քաղաքացիների դեմ, դարձել է ծաղրի առարկա թուրք օգտատերերի կողմից։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
«Ասում են՝ «Twitter-ում գրառում է արել, կյանքը մթնել է»։ Կա՞ արդյոք Աստծո որևէ մի ծառա, որի դեմ հետաքննություն է սկսվել գրառում անելու համար։ Չկա՛։ Այդ դեպքում պետք է հարցնել՝ «Բայց, ախր, այդ ի՞նչ բովանդակություն ունի այդ գրառումը։ Հետաքննությունը հենց դրա համար է սկսվում»,- հայտարարել էր Բոզդաղը։
Նրա այս խոսքերին ի պատասխան՝ Twitter-ի թուրքական տիրույթում օգտատերերից շատերը սկսել են հիշեցնել սոցցանցային գրառման պատճառով իրենց ստացած պատիժները, իսկ ոմանք էլ՝ ծաղրել են՝ պարզապես գրելով «դատարկ թվիթ»։