
ՔՊ-ական Անուշ Բեղլոյանը վայր է դրել մանդատը․ նա նոր պաշտոն ունի

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանը վայր է դրել մանդատը։
ԱԺ պաշտոնական կայքում տարածված պաշտոնական հաղորդագրությունում մասնավորապես նշված է. «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Անուշ Բեղլոյանը մայիսի 23-ին հրաժարականի դիմում է ներկայացրել:
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո` մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում և հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»:
168.am-ի հետ զրույցում Անուշ Բեղլոյանն ասաց, որ ԱԺ-ի կողմից ընտրվել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ։
«Հունիսի 1-ից Մրցակցության պաշտպանության հանձնաժողովում իմ պաշտոնավարումը սկսվելու է, այդ պատճառով էլ վայր եմ դրել իմ մանդատը»,- եզրափակեց Անուշ Բեղլոյանը։
Զվարթ Խաչատրյան