Արևմուտքը զարմանալիորեն և անամոթաբար երկակի չափանիշներ է կիրառում, Նիկոլին ներվում են բոլոր անօրինականությունները. Մասիս Աբրահամյան

«Նիկոլի այցելությունը Նիդեռլանդներ հայության մեծամասնության համար անընդունելի էր, քանի որ այն նրա անօրինական իշխանությունը վավերացնելու մի ձև էր»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Նիդեռլանդների Հայ դատի հանձնախմբի նախագահ Մասիս Աբրահամյանը՝ անդրադառնալով ՀՀ ներկայիս իշխանությունների քաղաքականությանը, ներքաղաքական իրավիճակին ու Նիդեռլանդների հայ համայնքի տրամադրություններին:

Նա նշեց, որ դավադրություններին չի հավատում, բայց ամեն օր ավելի է համոզվում, որ Նիկոլ Փաշինյանին Հայաստանի ղեկավար կարգելը մեր գրեթե բոլոր թշնամիների լավ համակարգված ծրագիրն էր՝ Արցախի հարցն Ադրբեջանի օգտին լուծելու համար։

Մասիս Աբրահամյանի խոսքով, այդ փաստն ապացուցվում է, երբ թուրք-ադրբեջանական միասնությունը Նիկոլի իշխանությունն ատամներով փորձում է պահպանել։ «Քանի որ շատ լավ կազմակերպված ծրագիր է, ապա ուղեղների լվացումը և հասարակության թմրեցումը կատարվել է խստագույնս, և այսօր չափազանց դժվար մարտահրավերի առաջ ենք կանգնած դրա հետևանքների վերացման գործում»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը մայիսի 10-11-ը պաշտոնական այց կատարեց Նիդեռլանդների Հանրապետություն, որն իշխանական մեդիափորձագիտական դաշտը փորձեց մեծ ձեռքբերում համարել ու արդյունավետ այց որակել, փորձելով հնարավորինս չլուսաբանել բողոքի այն ակցիաները, որոնք կազմակերպել էր հայ համայնքը:

Պաշտոնական այցի օրերին նիդեռլանդահայությունը մի քանի ակցիա իրականացրեց, և հատկապես մեծ տարածում գտավ համացանցում մայիսի 11-ին հայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների կողմից Հաագա քաղաքում կազմակերպված  բողոքի ակցիան՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Ակցիայի մասնակիցները պարզել էին Արցախի դրոշը և պաստառներ՝ «Նիկոլ դավաճան», «Զարթնիր լաո», «Առանց Նիկոլ Հայաստան», «Արցախ հանձնողը Սյունիքն էլ կհանձնի», «Նիկոլ Վասակ», «Կապիտուլյանտ հեռացիր». «Միջանցք = ինքնիշխանության կորուստ», «Հայրենիք չունենք վաճառելու», «Ազգայինը այլընտրանք չունի» գրություններով։

Խոսելով Նիդեռլանդների հայ համայնքում առկա տրամադրությունների մասին՝ Մասիս Աբրահամյանն ասաց, որ մեծագույն աղետներից մեկը հայ հասարակության պառակտումն է։

Նրա համոզմամբ, թշնամանքն ու ատելությունը երբեք այս չափի չի եղել։ «Հետևողականորեն կարողացել են մինչև ընտանիքների անդամներ թույն սրսկել և հարազատներ իրար դեմ հանել։ Մենք Նիդեռլանդների հայ համայնքում միշտ հակասություններ ունեցել ենք։ Երբեմն՝ հեշտությամբ, երբեմն էլ՝ մեծ դժվարությամբ, սակայն կարողացել ենք այդ հակասությունները հաղթահարել և ընդհանուր հայտարարի գալ հանուն ազգային շահի։

Բայց սև ու սպիտակների անողոք տարբերակումը, հատկապես պատերազմից հետո, հասավ գագաթնակետին և այսօր անհնարին է գոնե հարաբերական միասնության հասնել։ Իրականում Նիկոլն իրավիճակը հասցրել է այն աստիճանի, որ այսօր կա՛մ ազգային ես, կա՛մ ապազգային։ Ընդ որում, նրանք, ովքեր մեծ ավանդ ունեն այս կամ այն ազգօգուտ գործում, բայց ինչ-ինչ պատճառներով չեն կանգնում այսօր Նիկոլին իշխանությունից հեռացնող դիմադրության շարժման կողքին, չեն էլ պատկերացնում, որ անուղղակիորեն սատարում են Նիկոլին, որովհետև գերագույն գլխավոր դավաճանին հեշտությամբ հաջողվում է այդ աջակցությունը գրանցել իր օգտին՝ օր ավել աթոռին կառչած մնալու համար։ Նիկոլի այցելությունը Նիդեռլանդների հայության մեծամասնության համար անընդունելի էր, քանի որ այն նրա անօրինական իշխանությունը վավերացնելու մի ձև էր։

Երբ Հայաստանում բազմաթիվ ծնողներ, որոնց զավակները Նիկոլի անմիջական մեղքով վերջին պատերազմի զոհ են դարձել, նրա ձերբակալության պահանջն են ներկայացրել, տասնյակ-հազարավոր հայորդիներ գիշեր ու ցերեկ դավաճանի հրաժարականն են պահանջում՝ դիմելով ցույցերի և անհնազանդության գործողությունների, այս ապիկարն արտասահմանյան այցելություն է կատարում, արհամարհելով այդ բոլորը և ցուցադրելով, որ կարծես թե ոչինչ չի եղել և ամեն ինչ կարգին է։

Այս պայմաններում կազմակերպեցինք բողոքի հզոր ելույթներ և հստակ ուղերձ փոխանցեցինք Նիկոլին և իր վարչախմբին, որ Հայաստանում սկսված զարթոնքը համազգային բնույթ ունի, և ողջ հայությունը պահանջում է դավաճանի հրաժարականը։ Այս ճգնաժամը Նիկոլի հրաժարականից բացի՝ այլ լուծում չունի, և դավաճանի յուրաքանչյուր վայրկյան ավել մնալը խորացնում է այս պատուհասը»,- ասաց Աբրահամյանը:

Մասիս Աբրահամյանը ծիծաղելի է համարում այն փաստարկը, որ հատկապես եվրոպացիները 2021 թվականի հունիսյան ընտրություններն օրինական են համարում և Նիկոլի վերարտադրությունը՝ վավերական երևույթ։

«Իբրև թե դիտորդներն այդ ընտրությունների ժամանակ խախտումներ չեն նկատել։ Զարմանալիորեն և անամոթաբար երկակի չափանիշներ են կիրառվում, Նիկոլին ներվում են բոլոր անօրինականությունները։ Նկատելի է, որ Արևմուտքը միաբերան քաղաքականություն է ճշտել՝ Նիկոլի իշխանությունը ամեն գնով սատարել։ Այս պահին մարդու իրավունքների սարսափելի խախտումները Երևանի փողոցներում ոչ ոք նկատել չի ուզում։

Մենք հավատացած ենք, որ նիդեռլանդահայությունը հայ ժողովրդի այն գիտակից հատվածին է պատկանում, որը միանշանակ մերժում է դավաճանի իշխանությունը։

2018 թվականը հայ ժողովրդի պատմության ամենաողբերգական տարեթվերից է։ Իշխանության գրավումն ազգադավ այս ուժի կողմից կոտրեց մեր ժողովրդի մեջքը և մեր երկիրը կանգնեցրել է պետականությունը կորցնելու վտանգի առաջ։ Հայ ժողովուրդը պետք է իր բոլոր ուժերը միավորի այս մեծ պատուհասը հաղթահարելու համար։ Մենք համոզված ենք, որ ազգովի ունենք այդ ներուժը և կարող ենք այս աղետը նույնպես հաղթահարել»,- նշեց Մասիս Աբրահամյանը:

Տեսանյութեր

Լրահոս