«Կետ առ կետ բացատրեմ, թե ինչի մասին են գիշերը Բրյուսելում փաստացի պայմանավորվել Փաշինյանը և Ալիևը»․ Վարուժան Գեղամյան
Վարուժան Գեղամյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․ «Կետ առ կետ բացատրեմ, թե ինչի մասին են գիշերը Բրյուսելում փաստացի պայմանավորվել Փաշինյանը և Ալիևը։
Հայաստանը վերջնականապես հրաժարվում է պայքարել Ադրբեջանի կազմից դուրս Արցախի կարգավիճակի համար։ Բանակցություններում չկա Արցախի կարգավիճակի մասին ոչ մի խոսք, բացառապես խոսվում է «Ղարաբաղի շրջանում էթնիկ հայ բնակչության իրավունքների ու անվտանգության» մասին, ինչը լավագույն դեպքում ենթադրելու է հայերի՝ ազգային փոքրամասնության կարգավիճակով Ադրբեջանի կազմում ապրել, իսկ իրականում՝ Արցախի լիարժեք հայաթափում։ Ոչ մի խոսք նաև ազգերի ինքնորոշման իրավունքի մասին։
Ավելին, այլևս նույնիսկ չի կիրառվում «Լեռնային Ղարաբաղ» (Nagorno Karabakh) եզրը, որի հիմքում ընկած էր ԼՂ ինքնավար մարզի գաղափարը։ Բրյուսելյան հայտարարության մեջ նշված է պարզապես «Ղարաբաղի շրջան», որն արդեն հենվում է Ադրբեջանի վարչատարածքային բաժանման գաղափարի վրա և որևէ առանձին կարգավիճակ չի ենթադրում։
Պատրաստվում է «Խաղաղության պայմանագիր» Ադրբեջանի հետ, որի առանցքային դրույթը Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումն է՝ Արցախը ներառյալ։ Այս պատճառով էլ միայն այս պայմանագրի համատեքստում է նշվում Արցախի հայության «իրավունքների ու անվտանգության ապահովման» մասին, քանի որ այլ կարգավիճակ Արցախը չի ունենալու։
Հայտարարության մեջ նշվում է, որ կողմերը համաձայնել են «Ադրբեջանի տարածքով Հայաստանի տարբեր մասերի միջև տարանցման սկզբունքներին»։ Այս լղոզված ձևակերպումը փաստացի նշանակում է, որ Հայաստանը Ադրբեջանին է հանձնելու ՀՀ Տավուշի ու Արարատի մարզերում, այսպես կոչված, «անկլավները», որոնց միջով անցնում է Արարատի մարզը Վայոց Ձորին ու Սյունիքին կապով (Տիգրանաշենի հատվածը) և Տավուշի հյուսիսն ու հարավն իրար կապող մեր հիմնական ճանապարհները, որոնք նաև մեր մայրուղիներն դեպի Իրան և Վրաստան։ Այսինքն տարածքը հանձնվելու է Ադրբեջանին, որից հետո մենք հատուկ թույլտվությամբ ու վերահսկողության ներքո անցնելու ենք մարզից մարզ։ Տեղին է հիշել նույն ճակատագրին արժանացած Գորիս-Կապան ճանապարհը։
Այս կետերի իրականացման դեմ է անհրաժեշտ պայքարել, հետո նոր զբաղվել քաղաքականությամբ։ Արցախի վերջնական թուրքացումն ու նոր տարածքային զիջումները կասեցնելու մի ճանապարհ կա. դուրս գալ պայքարի ներկայիս կապիտուլիանտական իշխանության դեմ, ձևավորել ազգային համաձայնության կառավարություն և միասնական մոբիլիզացիայով լծվել գործի։
Այսօր փողոցում տարբեր ուժեր, անհատներ կան։ Եթե չեք գտնում նրան, ում կվստահեք, ինքներդ կազմակերպեք ձեր ուժը, դուրս եկեք փողոց, միացե՛ք շարժմանը ու այդ ժամանակ կկարողանանք հաջողել։
#հակաՀայաստան #սարդարապատ2 #ՀավերժականՀայաստան»։