Եթե չհեռացնենք Նիկոլին ու նիկոլիզմը, մեր երիկրի մեջ թուրքի ստրուկն ենք դառնալու. Ջաբրայան
Կանադահայ բարերար Հրաչ Ջաբրայանն այսօր Ֆրանսիայի հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ իրեն բոլոր լսողներին մի պահ կտանի դեպի երևակայական 2030 թվական։ Ենթադրենք, 8 տարի անցել է, և Արցախը գտնվում է Ադրբեջանի կազմում, առավելապես հայաթափված, իսկ այնտեղ մնացած հայերն ապրում են որպես Ադրբեջանի ստրուկներ՝ ադրբեջանական անձնագրերով։
«Հայաստանի ու Թուրքիայի սահմաները բաց են առանց նախապայմանների։ Սյունիքի մարզպետն ադրբեջանցի է, Գյումրու քաղաքապետը թուրք է, Երևանի բնակիչները սպասարկում են թուրք գործարարներին, և նրանք այն թուրքերն են, որոնք սպանել են իմ եղբայր Քրիստափորին և ձեր որդիներին։ Եթե մենք չհեռացնենք Նիկոլին ու նիկոլիզմը, ահա այս պատկերն է լինելու Հայաստանում։ Այս խավար պատկերի մեջ կա մեկ հզոր լույս, կա այս ընդդիմությունը, կաք դուք, և մենք չպետք է նման բան թույլ տանք, որ 2030 թվականին մենք մեր երկրի մեջ դառնանք թուրքի ստրուկը։ Մենք ենք ապրելու այստեղ և մենք ենք ծաղկեցնելու այս հայրենիքը»,- նշեց Հրաչ Ջաբրայանը։
Նա նաև պնդեց, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, ու դիմեց այն քաղաքացիներին, որոնք չեն մասնակցում հանրահավաքների.
«Անտարբեր քաղաքացիներ ջան, երբ մոտենում հարցնում եք՝ պարոն Ջաբրայան ջան, այդքան ուժեղ եք, գնացեք մեր գերիներին հետ բերեք, սահմանները պահեք։ Սիրելի հայրենակիցներ, եթե մեզ պահանջ եք ներկայացնում, ապա պարտավոր եք այստեղ լինել և մեզ մանդատ տալ, որպեսզի ձեր պահանջները մենք իրականացնենք։ Ես պատրաստ եմ գնալ և Կանադայի վարչապետի մոտ բարձրաձայնել գերիների հարցը, պատրաստ եմ գնալ Բաքու, բայց դուք պատրա՞ստ եք մեզ մանդատ տալ։ Սիրելի հայրենակիցներ, դուք իշխանություն եք ընտրել, որը երկիրը վարի է տալիս, ոտքի կանգնեք, այդ իշխանությանը տապալեք, մանդատը վերցրեք ու ազատագրեք հայրենիքը նիկոլիզմից»,- հավելեց Հրաչ Ջաբրայանը։
Նա պատմեց, որ այսօր առավոտյան գնացել է «Եռաբլուր», տեսել թագավոր տղաների, որոնց աչքերի մեջ վերջին անգամ նայել է պատերազմի օրերին, այսօր նրանց պարտական է։
«Մենք չենք զիջելու մեր հայրենիքը, Արցախը, և դուք հետնորդներն եք «Եռաբլուրում» ննջող թագավոր տղաների»,- նշեց Հրաչ Ջաբրայանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում