«Քաղաքական ռեպրեսիայի մի դրսևորում. Արթուր Վանեցյանի օգնականի բնակարանում ոչինչ չի հայտնաբերվել․ որոշում է կայացվել նրան բերման ենթարկել»․ փաստաբան

Իրավապահ մարմիններն այսօր կեսօրից հետո խուզարկություն էին իրականացնում Արթուր Վանեցյանի օգնականի՝ Արամ Գրիգորյանի բնակարանում. մոտ մեկ ժամ տևողությամբ խուզարկությունն ավարտվեց,  և ինչպես փաստաբան Երվանդ Վարոսյանը տեղեկացրեց՝ ոչինչ չհայտնաբերեցին։

«Այս պահին որոշում է կայացվել բերման ենթարկել։ Ոչինչ չեն գտել, այդ ի՞նչ էին փնտրում, որ ի՞նչ գտնեին։ Փնտրում էին հավաքի մասնակիցների կամ ցուցարարների ցուցակներ, բնականաբար, նման բան լինել չի կարող։ Այն տեսանյութը, որի հիման վրա այս քրեական գոծը հարուցվել է, բոլորս տեսել ենք, մնացածը, կարող ենք ասել, որ քաղաքական ռեպրեսիայի մի դրսևորում է, բայց այնքան իմաստազուրկ ու ծիծաղելի, բերման ենթարկելն էլ հետը։ Բնականաբար, եթե ռեպրեսիաներ են իրականացնում, պետք է իրականացվեն այս ձևով, որովհետև մարդն իմացավ, որ եկել են իր բնակարանը խուզարկելու, ինքը եկավ ներկայացավ, այսպես ասած՝ խուզարկության վայր, դրանից հետո բերման ենթարկել՝ ոչ տրամաբանության մեջ է տեղավորվում, ոչ օրենքի»,- լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Երվանդ Վարոսյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ իրավապահ մարմինները կեսօրից հետո խուզարկություն էին իրականացնում ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի օգնական Արամ Գրիգորյանի բնակարանում։ Խուզարկության համար հիմք է հանդիսացել ձմռանը տարածված մի տեսանյութ՝ Գրիգորյանը  մուրացկաններին գումար է տալիս։

Տեսանյութեր

Լրահոս