«Արթուր Վանեցյանի օգնականի բնակարանում հավաքի մասնակիցների ցուցակներ են փնտրում․ ծիծաղելի է, բայց․․․»․ փաստաբան
Ինչպես արդեն հայտնել էինք, իրավապահ մարմինները խուզարկություն են իրականացնում Արթուր Վանեցյանի օգնական Արամ Գրիգորյանի բնակարանում։
Նրա փաստաբան Երվանդ Վարոսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ խուզարկությունն իրականացնում է ոստիկանության քրեական հետախուզության վարչությունը և Քննչական կոմիտեի՝ Երևան քաղաքի վարչությունը։
Հարցին, թե ի՞նչ են փնտրում Գրիգորյանի բնակարանում, փաստաբանը պատասխանեց․
«Եկել են խուզարկություն անելու։ Խնդիրը վերաբերում է այն հայտնի տեսագրությանը, որ Արամը մուրացկաններին փող է բաժանում, ձմռանը։ Հավաքի մասնակիցների ցուցակներ են փնտրում։ Ծիծաղելի է, բայց․․․»։
Արամ Գրիգորյանն էլ՝ ում բնակարանում կեսօրից հետո խուզարկություն են իրականացնում իրավապահ մարմինները, լրագրողների հետ զրույցում ասաց՝ եթե խոսքը վերաբերում է ենթադրյալ փող բաժանելու տեսանյութին, ապա ինքը միշտ էլ մուրացկաններին գումար տվել է․
«Քաղաքում միշտ էլ կարելի է հանդիպել մուրացկանների, միշտ էլ օգնել եմ, մարդ են, 500 դրամով, 1000 դրամով օգնել եմ տարբեր մարդկանց, ինձ թվում է՝ դա քրեորեն պատժելի արարք չէ։ Թող մուրացկաններին կանչեին․․․»։