Ճապոնիան 10 տարվա ընթացքում 157 մլրդ դոլար կծախսի ածխաթթվի արտանետումների կրճատման համար
Ճապոնիայի կառավարությունը որոշում է ընդունել առաջիկա 10 տարում ծախսել 20 տրիլիոն իեն (գրեթե 157 միլիարդ դոլար ընթացիկ փոխարժեքով) երկրում այնպիսի տնտեսության կառուցման համար, որն ածխաթթվական գազ չի արտանետի մթնոլորտ: Այդ միջոցները, մասնավորապես, կծախսվեն մասնավոր ընկերությունների լրահատկացումների համար, որոնք ակտիվորեն կներգրավվեն այդ ծրագրերում, մայիսի 20-ին հաղորդել է The Asahi թերթը՝ վկայակոչելով պաշտոնական աղբյուրներ։
Նրանց տվյալներով՝ 20 տրիլիոն իեն տրամադրելու որոշման մասին անձամբ հայտնել է Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան մայիսի 19-ին իր նստավայրում մի խումբ փորձագետների հետ կայացած հանդիպմանը, որոնք կառավարության համար մշակել են տնտեսությունը մաքուր էներգետիկայի փոխադրելու ծրագիրը: Այդ խրհրդակցությունում մարչապետը հավաստել է, որ մթնոլորտ ածխաթթվական գազի արդյունաբերական արտանետումների լիակատար դադարեցման ծրագրի կատարումը երկրի կառավարությունից եւ մասնավոր գործարարությունից պահանջում է առնվազն 150 տրիլիոն իենի (շուրջ 1,2 տրիլիոն դոլարի) հատկացումներ առաջիկա 10 տարվա ընթացքում:
Էկոնոմիկայի, առեւտրի եւ արդյունաբերության նախարարությունն այժմ պատրաստում է ընդարձակ ծրագիր երկրի տնտեսության էներգետիկական վերազինման ոլորտում՝ հանքային վառելիքի օգտագործումից կախվածության կրճատման ուղիով: Մասնավորապես, ենթադրվում է այդ թվում կառավարական լրահատկացումների միջոցով նավթը, բնական գազը եւ ածուխն ավելի ու ավելի շատ փոխարինել ջրածնով եւ ամոնիակով, որոնք այրվելիս ածխաթթվական գազի արտանետումներ չեն տալիս: Ճապոնիայում մթնոլորտ ածխաթթվական գազի արդյունաբերական եւ ավտոմոբիլային արտանետումները զրոյի հասցնել ենթադրվում է մինչեւ 2050 թվականը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: