Արարատ Միրզոյանը Նորվեգիայի ԱԳ նախարարին ներկայացրել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հայրենադարձման անհրաժեշտությունը

Թուրինում ընթացող ԵԽ 132-րդ նախարարարական նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մայիսի 20-ին հանդիպել է Նորվեգիայի թագավորության արտաքին գործերի նախարար Աննիկեն Հյուիթֆիլդի հետ: ՀՀ ԱԳ նախարարությունը տեղեկացնում է, որ զրուցակիցներն անդրադարձ են կատարել երկկողմ օրակարգին առնչվող հարցերի և այդ առումով ընդգծել քաղաքական, տնտեսական և այլ ոլորտներում առկա ներուժի լիարժեք իրացմանն ուղղված համատեղ ջանքերի ներդրման անհրաժեշտությունը: Հայ-նորվեգական հարաբերությունների ակտիվացման համատեքստում շեշտվել է Հայաստանի և Նորվեգիայի միջև տարբեր մակարդակներում, այդ թվում` բարձրաստիճան այցերի ինտենսիվության բարձրացման կարևորությունը:

Կողմերն անդրադարձել են նաև Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին։ Այս առումով ընդգծվել է, որ 2021թ․ հունիսին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունները համապատասխանում էին միջազգային ամենաբարձր չափանիշներին։

Արարատ Միրզոյանն ու Աննիկեն Հյուիթֆիլդը մտքեր են փոխանակել հարավկովկասյան տարածաշրջանում առկա իրավիճակի վերաբերյալ:

Նախարար Միրզոյանը ներկայացրել է 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած և հրատապ լուծում պահանջող հումանիտար խնդիրները, մասնավորապես` Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց հայրենադարձման անհրաժեշտությունը: Նա ընդգծել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի առջև ծառացած հումանիտար հարցերի լիարժեք հասցեագրման ուղղությամբ միջազգային հանրության համարժեք քայլերի անհրաժեշտությունը:

Հանդիպման ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը գործընկերոջն է ներկայացրել նաև Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հետ կապված վերջին զարգացումները։

Տեսանյութեր

Լրահոս