Հիշողությանս մեջ վառ է 2008թ. Մարտի 1-ը և այն սարսափը որի միջով ՀՀ հասարակությունն անցավ. Վիկտորին

Այսօր Երևանի «Մարիոթ» հյուրանոցում ընթացող Ժողովրդավարության հայկական ֆորումի ժամանակ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը հիշեցրեց, որ 2007-2009թթ. Հայաստանում եղել է Գերմանիայի դեսպանը: «Եթե Դուք հարցնեք ինձ, թե ինչպես եմ ես գնահատում այս իրավիճակը, ինձ համար միշտ և այժմ էլ իմ հիշողության մեջ վառ է 2008 թվականի մարտի 1-ը և այն սարսափը, որի միջով հայաստանյան հասարակությունն անցավ այն բանից հետո, երբ մենք կոչ էինք արել իշխանություններին չցրել հավաքը, և մարտի 1-ին առավոտյան մաքրվեց, ցրվեց հավաքը, և մենք ունեցանք զոհեր: Այս հարցերը դեռևս վերջնական ամփոփված չեն և հստակ արդյունք դեռևս չկա: Իմ տեսանկյունից՝ նաև քաղհասարակությունը․․․, այդ ժամանակ շատ դժվար էր մարդու իրավունքների պաշտպանների համար բարձրաձայնել և խոսել, պաշտպանել խոցելի խմբերի իրավունքները, այն մարդկանց իրավունքները, ովքեր դրա կարիքն ունեին, ովքեր թիրախավորվում էին և ոտնձգությունների էին ենթարկվում, և ամբողջ դատական համակարգը չէր պաշտպանում նրանց»,- ասաց Վիկտորինը:

Շարունակելով՝ դեսպանն ասաց, որ, երբ վերադարձավ ՀՀ, որպես ԵՄ դեսպան, ուներ այն տպավորությունը, որ շատ բաներ զարգացել են, և Հայաստանն ունի շատ հավակնոտ ծրագիր, որն իրագործելու համար պահանջում են զգալի վարչական կարողություններ, ջանքեր, բայց նաև կրթական ջանքեր, որովհետև բավական չէ փոխել օրենսդրությունը, օրենքը, պետք է փոխել մարդկանց մտածելակերպը:

«Դրա համար ես շատ խորը համոզմունք ունեմ, որ հանդուրժողականությունն ու այլոց կարծիքները հարգելը հիմնարար են ժողովրդավարություն կառուցելու հարցում: Ես այժմ կասեի, որ մենք ունենք շատ ինտենսիվ համագործակցություն հիմնական խաղացողների հետ: Այստեղ ԵՄ-ն ամենամեծ դոնորն է, մենք փորձում ենք իրապես աջակցել մեծ բարեփոխումներին, բայց ինչպես ասացի, քաղհասարակությունը առանցքային հիմնասյուն է, առանց որի՝ մենք չենք կարող առաջ գնալ»,- ասաց Վիկտորինը:

Նա նշեց, որ շատերը չեն հավանում իր տեսանկյունը, բայց ինքը ՀՀ–ում զգալի առաջընթաց է տեսնում և զգալի հանձնառություն բարեփոխումներ իրականացնելու: «Բնականաբար, կան խոչընդոտներ և թերություններ, այն, ինչ անհրաժեշտ է մեզ՝ բաց քննարկումն է, թե ինչ կարող ենք ավելի լավ անել, և դրա համար, ես կարծում եմ, որ ամեն քայլում, որ մենք անում ենք, պետք է ստանանք իրավիճակի քաղհասարակության գնահատումը և դա ներառենք մեր առաջարկներում և մեր քաղաքականության մեջ»,- ասաց դեսպանը:

Անդրեա Վիկտորինն ասաց, որ շատ «աղտոտված» իրավիճակ է տեսնում, տեսնում է մի իրավիճակ, որտեղ իրեն հետաքրքիր է, թե որտեղ է ՀՀ քաղաքացին:

«Կան շատ հարցեր, խնդիրներ, որոնք մենք պետք է հասցեավորենք միասին, և կրկին ես ասում եմ՝ ՄԱԿ-ը հիմքն է հանդիսանում»,- ասաց նա:

Խոսելով ՄԻՊ գրասենյակի հետ սերտ համագործակցության մասին՝ դեսպան Վիկտորինը կրկին հիշեց 2008թ. մարտի 1-ի հետ կապված շրջանը:

«Երբ ես այստեղ էի, որպես Գերմանիայի դեսպան, ես պետք է պաշտպանեի Մարդու իրավունքների պաշտպանին այդ ժամանակ, որովհետև նա ուզում էր Մարտի 1-ի հետաքննությունն ունենալ, և այդտեղ մենք պետք է միասին կանգնեինք, դա շատ կարևոր էր և շատ կարևոր է նաև այսպիսի դժվար իրավիճակներում, որպեսզի թե Կառավարությունը, թե քաղհասարակությունը փորձեն համալիր մոտեցում ցուցաբերել, և մենք փորձենք միասին աշխատել, ոչ թե միմյանց դեմ»,- ասաց Վիկտորինը:

Տեսանյութեր

Լրահոս