Հետևելով ցույցերին՝ կան մտահոգություններ, տեսել ենք ուժի կիրառման տեսանյութեր, պետք է քննվի. Թրեյսի
«Հետևելով ցույցերին՝ կան մտահոգություններ, տեսել ենք ուժի կիրառման տեսանյութեր»,- այս մասին այսօր Երևանի «Մարիոթ» հյուրանոցում ընթացող Ժողովրդավարության հայկական ֆորումի շրջանակում ասաց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին՝ անդրադառնալով ոստիկանության բարեփոխումներին ու վերջին օրերին ցուցարարների նկատմամբ ոստիկանական բռնության դրսևորումներին:
Նա նշեց, որ ոստիկանական բարեփոխումների նկատմամբ վերջին շրջանում մեծ ուշադրություն կա:
Դեսպան Թրեյսիի խոսքով, ԱՄՆ-ը ու մի շարք այլ գործընկերներ աշխատել են ոստիկանության բարեփոխումների շուրջ. անցյալ տարի մեկնարկեց պարեկային ոստիկանության բարեփոխումը:
«Հետևելով, թե ինչ է լինում հանրահավաքների, ցույցերի ընթացքում, պարզ է, որ կան մտահոգություններ, տեսել ենք հաղորդումներ, տեսանյութեր ուժի կիրառման վերաբերյալ, այս ամենը պետք է քննություն անցկացվի, հաշվետվողականություն լինի այս հարցերի շուրջ: Ես նկատել եմ, որ Կառավարության կողմից այս դրվագները հետաքննելու, քննություն իրականացնելու մոտեցում կա: Եվ ցուցարարների իրավունքները հարգելու, նրանց խաղաղ ցույցերի իրավունքը, նաև լրագրողների՝ իրենց աշխատանքն իրականացնելու, միջոցառումն անխաթար լուսաբանելու իրավունքը հարգելու խնդիրը, ցուցարարներն էլ, անշուշտ, ունեն իրենց պարտականությունները՝ խաղաղ ցույց անցկացնել, որը չի առաջացնում քաոսային կամ անկանոն իրավիճակ և չի խախտում մյուսների իրավունքները»,- ասաց դեսպան Թրեյսին:
Նրա կարծիքով, այս բարեփոխումն առանձնահատուկ նշանակություն ունի:
«Այս հարցի շուրջ շատ ենք արժևորում համագործակցությունը Արդարադատության նախարարության հետ: Արձագանքելով դեսպան Վիկտորինի ասած խոսքին՝ ժողովրդավարությունը գործընթաց է առաջընթաց ապահովելու համար»,- նկատեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին: