Չխաբվե՛ք. էժան նասկին իշխանության սրտի օլիգարխն է բերելու Թուրքիայից. դա ՀՀ-ում չի արտադրվելու. Գեղամ Մանուկյան

«Սիրելի՛ հայրենակիցներ, այստեղ բոլորը եկել են ձե՛զ համար, նաև ձե՛զ համար՝ Կասկադում նստածնե՛ր, չխաբվեք Նիկոլի ստին, թե թուրքը լավն է: Այդ նույն Կասկադում երկար ժամանակ մի ռեստորան կար, որի տերը պոլսահայ մեր հայրենակիցն էր, եղբորը՝ Սևակ Բալակչիին, 2013 թ.-ի ապրիլի 24-ին սպանեցին թուրքական բանակում»,- Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՅԴ անդամ, պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

Նա հիշեցրեց, որ այսօր իրենց պայքարին են միացել պատերազմից հետո թշնամու դիտակետի տակ հայտնված համայնքների բնակիչները:

«Այստեղ գորիսեցին է կանգնած օրեր շարունակ, որովհետև ինքն է տեսել, որ թուրքը Գորիսի պռունկին է, ոչ թե Երևանում ապրող մեր հայրենակիցը, այստեղ սիսիանցին է կանգնած, որովհետև ամեն րոպե վախենում է, որ Նիկոլը ճանապարհ է տալու Սիսիանի վրայով, այստեղ կապանցին է կանգնած, որ տեսնում է՝ երեսուն տարի հետո թուրքը նստել է Կապանի գլխին, այստեղ կանգնած է տնազուրկ արցախցին, որը տեսավ, թե Նիկոլն ինչ բերեց իր գլխին:

Սիսիանի սիրելի՛ անգեղակոթցի, չխաբվե՛ս, որ վաղը Նախիջևանի տոնավաճառ է բացվելու, որովհետև դու ստիպված ես լինելու միայն մաքրություն անել, ապրանքդ թուրքինն է լինելու: Հայաստանում մանր ու միջին բիզնես ունեցողներ, որ մտածում եք, թե լավ է լինելու՝ չխաբվեք, ձեր բիզնեսը փակվելու է, մնալու է իշխանության սրտի մեկ օլիգարխ՝ թուրքական ապրանքով»,- ասաց Գեղամ Մանուկյանը

Անդրադառնալով այս օրերին հաճախ հնչող երկու հիմնական՝ «չեք նահանջելու, չէ՞» և «սրա վերջը ե՞րբ է լինելու» հարցերին՝ պատգամավորը վստահեցրեց՝ պայքարի ելածները ելել են մինչև վերջ գնալու՝ իրենց ընտանիքներով, ընկերներով՝ պատրաստ ամեն ինչ զոհաբերելու, իսկ, թե երբ է լինելու արդյունքը՝ շրջանառվող հարցին այսպես պատասխանեց. «Այդ հարցում մեկ խնդրանք միայն. պայքարը՝ լինի կարճատև թե երկարատև, ունենում է մեկ հաղթանակի բանալի՝ համբերություն, վճռականություն, ու խնդրում ենք բոլորիդ՝ չհրե՛ք այս պայքարի առաջնորդներին օր առաջ շուտ հասցնելու, որովհետև հրելու դեպքում վտանգը մեծ է սխալվելու, սայթաքելու, որն էլ, աստված մի արասցե, բերելու է մեծ չարիքի:

Դրա համար հարցը, որը տալիս եք՝ երբ է լինելու. պատասխանը մեկն է՝ անկասկած լինելու է. լինելու համար համբերություն մեզ, միասնականություն, որ մի օր հարյուր հազարավորներով գոռանք՝ առանց Նիկոլ Հայաստան»:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս