«Եթե թուրքերը պետք է մնան այդ նույն դիրքերում ու հետ չշպրտվեն, Վարդենիսում ապագա չեմ տեսնում». Հակոբ Ավետյան
Գեղարքունիքի մարզի Գեղամասար խոշորացված համայնքի նախկին ղեկավար Հակոբ Ավետյանի խոսքով՝ այս պահին իրավիճակը համայնքում վերահսկելի է, սակայն եթե թշնամին կարողանում է կրակ արձակել խաղաղ բնակչության ուղղությամբ, նշանակում է՝ իրենք կարողանում են այդ լկտիությունը թույլ տալ իրենց։
«Դրա համար ես մեղադրում եմ մեր կողմին, որ չեն կարողանում այդ ամենի հակահարվածը ճիշտ տալ։ Ես սա չեմ ասում, որ պատերազմ հրահրվի, բայց ամեն դեպքում սահմանամերձի բնակիչները պետք է զգան, որ իրենք պաշտպանված են։ Բայց արդեն զգացվում է, որ իրենք պաշտպանված չեն։
Նախորդ տարի մայիսի 12-ին, երբ ադրբեջանցիներն առաջ եկան, այդ ժամանակ մենք մտածեցինք, որ գործողությունը կկատարվի ու հետ կշպրտվեն, բայց ինչպես հասկացանք, այնպես են դիրքավորվել, որ ոչ մի հակահարված չեղավ։ Եթե այսպես շարունակվի, մենք մտածում ենք, որ կարող է մի անգամ էլ նման բան կրկնվի։ Բայց Աստված չանի, թող այդ հարցում ես սխալվեմ»,- Աջափնյակի դատարանի բակում 168.am-ի հետ զրույցում ասաց Հակոբ Ավետյանը։
Ըստ նրա, մարդկանց մոտ վախի զգացողություն է առաջանում, նրանք իրենց անպաշտպան են զգում։
«Այդ սահմանամերձ շրջաններում, կարելի է ասել, որ գյուղատնտեսությունն արդեն տապալվում է, որովհետև չեն կարողանում անասուններին արոտավայր բարձրացնեն, խոտհարքներն անցել է թշնամու վերահսկողության տակ, նաև կա ջրի խնդիրը։ Որոշ գյուղերում արդեն ջրի լուրջ խնդիր կա, որ գյուղում էլ ջուրը կա, մեծ վտանգ է իրենից ներկայացնում, որովհետև ամեն պահի կարող են թունավորել։ Դե, այս մասով էլ մենք դեռևս որևէ լուծում չենք գտել։ Եթե թուրքերը պետք է մնան այդ նույն դիրքերում ու հետ չշպրտվեն՝ Վարդենիսում ապագա չեմ տեսնում»,- հավելեց Հակոբ Ավետյանը։
Ինչ վերաբերում է նախորդ տարվա հունիսին Կութ գյուղի բնակիչների անասունների կորստին, որոնք անցել էին թշնամու հսկողության տակ գտնվող տարածքներ, Հակոբ Ավետյանն ասաց, որ այդ անասունները մարդիկ տարիներով պահել են, դրանք իրենց ապրուստի միակ միջոցն էին, ու այսօր կորցրել են։
«Եթե մարդիկ լքեն այդ գյուղերը, ապա վաղը-մյուս օրն անվտանգության հետ կապված ավելի լուրջ խնդիրներ ենք ունենալու»,- եզրափակեց Հակոբ Ավետյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում