ՀՀ-ում ամերիկյան ֆինանսավորմամբ գործող բիոլաբորատորիաները՝ կրկին խնդիր հայ-ռուսական հարաբերություններում
«Ռուսաստանի մտահոգությունները չեն չեզոքացել հուշագրով»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինը, անդրադառնալով Հայաստանում ԱՄՆ ֆինանսավորմամբ գործող բիոլաբորատորիաների վերաբերյալ ռուսական կողմի արտահայտած մտահոգություններին:
Հիշեցնենք, որ ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանությունը նախօրեին իր ֆեյսբուքյան էջում մեկնաբանություն էր տեղադրել կենսաբանական անվտանգության ոլորտում հայ-ամերիկյան համագործակցության վերաբերյալ։ Դեսպանատունը հիշեցրել էր ՀԱՊԿ ղեկավարների մակարդակով վերջին գագաթնաժողովում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ելույթից մի հատված, որը նվիրված էր կենսաբանական անվտանգությանը:
«Ռուսաստանի Դաշնությունը շարունակում է արդյունավետ փոխշահավետ համագործակցությունը Հայաստանի հետ կենսաբանական անվտանգության ապահովման ոլորտում։ Դրա ակտիվացմանը նպաստեց 2021 թվականի մայիսին կենսաբանական անվտանգության ապահովման երկկողմ փոխըմբռնման միջկառավարական հուշագրի ստորագրումը»,- նշում է դեսպանատունը:
Ըստ դիվանագիտական ներկայացուցչության՝ միևնույն ժամանակ, կենսաանվտանգության մասին հիշյալ հուշագրի կատարման համատեքստում ՌԴ-ն դեռևս ունի հարցեր՝ կապված կենսաբանական ոլորտում ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների հետ Հայաստանի փոխգործակցության մասին ստացվող տեղեկատվության հետ, ներառյալ՝ ռազմական գերատեսչությունների միջոցով։
«ԱՄՆ պաշտպանության նախարարությունը նպատակաուղղված է Վրաստանում ֆինանսավորվող Լուգար կենտրոնին, որպեսզի ակտիվացնի մանրէաբանության և համաճարակաբանության ոլորտում համատեղ հետազոտությունները Հայաստանի և տարածաշրջանի այլ երկրների հետ: Մանրակրկիտ վերլուծության է արժանի նաև արևմտյան մասնավոր ընկերությունների գործունեությունը, որոնք կենսաբանական հետազոտություններ են իրականացնում Պենտագոնի շահերից ելնելով Անդրկովկասյան տարածաշրջանում, ինչպես նաև Հայաստանում ուկրաինական կենսանախագծերին մասնակցող կառույցների առկայությունը։ ԱՄՆ-ը ու նրա դաշնակիցները չեն բացատրում, թե ինչ են անում Հայաստանում՝ ռուսական սահմաններին մոտ։ Այս գործոնը, իհարկե, մեր կողմից հաշվի է առնվում Ռուսաստանի կենսաբանական անվտանգության ապահովման համատեքստում»,- ասվում է դեսպանատան հայտարարության մեջ:
ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, անդրադառնալով այս մտահոգություններին, այսօր ասել է, որ Հայաստանում ամերիկյան աջակցությամբ կառուցված կենսաբանական լաբորատորիաների վերաբերյալ ռուսական կողմի բարձրացրած հարցերին տրվել են սպառիչ պատասխաններ:
ԱԽ քարտուղարը նշել է, որ ի պաշտոնե ինքն է գլխավորում Հայաստանում կենսաբանական անվտանգության հարցերով զբաղվող աշխատանքային խումբը, և հիշեցրել ռուս փորձագետների այցի մասին: «Ժամանակին Ռուսաստանից մասնագետներ են ժամանել Հայաստան, և նրանց բարձրացրած բոլոր հարցերին հայկական կողմը տվել է սպառիչ պատասխաններ»,- ասել է Գրիգորյանը:
Նա նաև հավելել է, որ Հայաստանում առկա բոլոր լաբորատորիաներում աշխատում են ՀՀ քաղաքացիներ, այդ կառույցները գործում են ՀՀ օրենսդրության շրջանակում և միտված են սպասարկելու միայն Հայաստանի շահերը:
Ռուս քաղաքական, ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինը մեզ հետ զրույցում ասաց, որ աշխարհում անվտանգային ճգնաժամի ժամանակաշրջանում և հատկապես մեծ համաճարակներից հետո, մեծ պատերազմի ֆոնին է՛լ ավելի է սկսում կարևորվել կենսաբանական անվտանգության ապահովումը:
«Ինչպես կարելի է նկատել, Ուկրաինայում պատերազմից հետո այդ թեման շատ ավելի ակտուալ է դարձել Ռուսաստանի համար, այդ մասին իր ՀԱՊԿ ելույթում խոսեց ՌԴ նախագահը, ինչը նշանակում է, որ դա անվտանգային հարց է Ռուսաստանի համար: Բացի զուտ անվտանգային բաղադրիչից, կա նաև աշխարհաքաղաքական բաղադրիչ այս ամենում, երբ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը պայքարում են միմյանց դեմ ամենուր, ապա ՌԴ-ի կողմից կարող է տարակուսելի դիտարկվել Հայաստանի համագործակցությունն ԱՄՆ-ի հետ այս ոլորտում, թեև կա հասանելիություն այդ լաբորատորիաներին, կա հայ-ռուսական երկկողմ հուշագիր, որը կարգավորում է այդ հարցերը, տալիս պատասխաններ, բայց երևում է, որ հարցը առավելապես աշխարհաքաղաքական է, և այդ պատճառով էլ այն բարձրացվում է հայկական կողմի համար»,- ասաց վերլուծաբանը:
Հարցին՝ գուցե դա պայմանավորված է այն հանգամանքով, որ հայկական կողմն էլ իր մտահոգություննե՞րն է հնչեցնում ՀԱՊԿ գործունեության առնչությամբ, վերլուծաբանը պատասխանեց, որ քիչ հավանական է, քանի որ դա ռուսական դիվանագիտության ոճը չէ:
«Սովորաբար ՌԴ-ն անում է այն շեշտադրումները, բարձրացնում թեմաները, որոնք պետք են իրեն, բխում են իր շահերից: Արձագանքը նշանակում է, որ սա բավականին լուրջ հարց է Ռուսաստանի համար, և գործող հուշագիրն այդ մտահոգությունների չեզոքացման հարցում որևէ դերակատարություն չունի: Եթե ավելի գլոբալ, ապա աշխարհաքաղաքական պայքարը սա է, երբ սկսում են նոր աշխարհաքաղաքական «սահմաններ» գծվել, նոր սրությամբ են դրվում աշխարհաքաղաքական ընտրության հարցերը, և դա անում է ոչ միայն Ռուսաստանը, այլև ԱՄՆ-ը, ԵՄ-ն և արևմտյան այլ կառույցներ»,- ասաց վերլուծաբանը: