Բաժիններ՝

«Հասկացանք, միջազգային գները բարձրանում են՝ այստեղ մեխանիկորեն բարձրացնում են, բա որ իջնում են գները՝ այստեղ ինչո՞ւ չի իջնում».Վարորդները՝ դիզելային վառելիքի բարձր գնի մասին

Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2022թ. ապրիլին մարտի համեմատ ոչ պարենային ապրանքների գներն աճել են 0.4-2.6%-ով, այդ թվում՝ գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է մայրաքաղաքում:

Վիճակագրական կոմիտեի հաղորդմամբ՝ 2022թ. փետրվար-ապրիլին հանրապետությունում գրանցվել է հեղուկ ածխաջրածնային սեղմված գազի 7.9% գնանկում, այդ թվում՝ 2022թ. ապրիլին մարտի համեմատ գնանկումը կազմել է 2.3%: 2022թ. ապրիլին մարտի համեմատ հանրապետությունում արձանագրվել է բենզինի և դիզելային վառելիքի՝ 1.1% և 7.2% գնաճ: 2022թ. ապրիլին 2021թ. ապրիլի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են 22.4% և 41.5%-ով, իսկ 2021թ. դեկտեմբերի համեմատ` 0.9% և 17.8%-ով:

«Ապրիլ ամսին դիզելային վառելիքը 600-650 դրամ էր, հիմա արդեն 670 դրամ է: Հասկացանք, միջազգային գները բարձրանում են՝ այստեղ մեխանիկորեն բարձրացնում են, բա որ իջնում են գները՝ այստեղ ինչո՞ւ չի իջնում»,- մեզ հետ զրույցում ասաց վարորդներից մեկը:

Մեկ այլ վարորդ էլ ասաց. «Բենզինը թանկացավ, մարդիկ անցան գազին, հիմա որ սկսեն էլեկտրական մեքենաներ օգտագործել՝ հոսանքը ու լիցքավորման կետերի գները կթանկանան: Կարծես լիցքավորման կետերը հիմա վճարովի են. 1 ԿՎտ-ը 100-110 դրամ է, բայց, երբ էլեկտրականներն էլ շատանան, կսկսեն հարկելն ու էլեկտրական կայանների լիցքավորման գումարները կթանկացնեն»:

Շատերի խոսքով էլ՝ ռուս-ուկրաինական պատերազմում օգտագործվող տեխնիկայի զգալի մասը դիզելով է աշխատում։ Դիզելային վառելիքի 80%-ը ներմուծվում է ՌԴ-ից, որտեղ դրա գինը բարձր է բենզինի գնից:

«Չէր եղել նման բան, որ գինը 600-700 դրամի հասներ: Խնդիրն այն է, որ դոլարի, դրամի արժեքը կարող է փոխվել, բայց գները նույնն են մնում: Եթե գազի գինը համեմատենք այլ երկրների գազի գնի հետ, ապա մեզ մոտ ավելի էժան է: Եվրոպայում բնական գազի գինն ապրիլին մատակարարելու համար նոր ռեկորդ է սահմանել` գերազանցելով 1000 խորանարդ մետրի դիմաց՝ 2600 դոլարը։ Այնպես որ, երբ համեմատում ենք, մեր տնտեսվարողներն ավելի բարվոք վիճակում են, քան այլ երկրների տնտեսվարողները»,- ավելի վաղ մեզ հետ զրույցում ասել էր «Սպառողների խորհրդատվական կենտրոն» ՀԿ-ի նախագահ Կարեն Չիլինգարյանը:

«Ֆերմերային շարժում» ՀԿ նախագահ Սարգիս Սեդրակյանի խոսքով էլ՝ եթե նախկինում պետությունը դիզելային վառելիքը սուբսիդավորում էր, ապա ներկայում այս խնդրով գյուղացուն չի օգնում:

Ապրիլի 27-ին էլ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը ֆեյսբուքյան էջում հաղորդագրություն տարածեց՝ նշելով, որ ուսումնասիրել է դիզելային վառելիքի շուկան:

«Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի մշտական ուշադրության կենտրոնում են գտնվում լայն սպառման, ինչպես նաև բարձր կենտրոնացվածություն ունեցող ապրանքային շուկաները։

Մանրածախ գների բարձրացմամբ պայմանավորված՝ Հանձնաժողովն ուսումնասիրում է նաև ՀՀ դիզելային վառելիքի շուկան, ինչպես նաև համաշխարհային շուկայի գների դինամիկան և դրա անդրադարձը տարբեր երկրներում դիզելային վառելիքի գների վրա։

Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետությունում իրացվող ամբողջ նավթամթերքը հանդիսանում է ներմուծված ապրանք, միջազգային շուկաներում դիզելային վառելիքի գների բարձրացումներն անդրադարձել են Հայաստանի Հանրապետության ներքին շուկայի վրա:

Ուսումնասիրության նախնական արդյունքներից պարզվել է, որ 2022 թվականի մարտ-ապրիլ ամիսների ընթացքում շուրջ 25-35 տոկոսով բարձրացել են դիզելային վառելիքի ձեռքբերման գները, ինչպես նաև տեղի է ունեցել լոգիստիկ ծախսերի որոշակի բարձրացում, մինչդեռ նույն ժամանակահատվածում դրամի արժևորումը կազմել է շուրջ 5 տոկոս:

Ներկայումս համաշխարհային շուկայում գործում են դիզելային վառելիքի երբևէ արձանագրված ամենաբարձր գները: Օրինակ՝ Վրաստանի Հանրապետությունում 2022 թվականի հունվարի համեմատ ապրիլին տեղի է ունեցել դիզելային վառելիքի գնի շուրջ 40 տոկոս բարձրացում՝ 471 դրամից հասնելով մինչև 664 դրամի։ Եվրոպական երկրներում նույնպես տեղի են ունեցել դիզելային վառելիքի գնի բարձրացումներ։ Օրինակ՝ Էստոնիայի Հանրապետությունում դիզելային վառելիքը տարեսկզբի համեմատ թանկացել է շուրջ 200 դրամով (շուրջ 32 տոկոսին համարժեք), Ռումինիայի Հանրապետությունում՝ շուրջ 650 դրամից դարձել է 860 դրամ (շուրջ 32 տոկոս թանկացում), թեև հանդիսանում է նավթավերամշակող պետություն։

Դիզելային վառելիքի շուկայում ՄՊՀ-ի ուսումնասիրությունը շարունակվում է»,- նշված է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի հայտարարության տեքստում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս