«Դավիթ Ավագյանին վերագրվող մեղադրանքն ուղղակի օրենսգրքից արտագրություն է». Փաստաբանը՝ Հադրութի բնակչին կալանավորելու մասին

Մայիսի 4-ին ձերբակալված, իսկ մայիսի 5-ից կալանավորված հադրութեցի Դավիթ Ավագյանի գործով վերաքննիչ նիստը տեղի կունենա վաղը ժամը 11։30-ին։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Դավիթ Ավագյանի փաստաբան Մհեր Հակոբյանը։

«Դավիթ Ավագյանին ձերբակալել էին այն հիմքով, որ նա Հայաստանում չունի մշտական բնակության վայր, այնինչ Դավիթ Ավագյանը Հադրութից է, պատերազմի արդյունքում կորցրել է իր տունն ու տեղափոխվել է Երևան։ Նրա խնամքին են գտնվում երեք անչափահաս որդիները:

Ձերբակալման գրության մեջ գրված է, որ մշտական բնակության վայր չունի, դրա համար են ձերբակալել, իսկ կալանավորել են նրա համար, որ գործին չխոչընդոտի։ Դավիթ Ավագյանին վերագրվել է ենթադրյալ խուլիգանություն»,- նշեց Մհեր Հակոբյանը։

Նշենք, որ Դավիթ Ավագյանը 44-օրյա պատերազմի մասնակից է, Հադրութի բնակիչ։ Պատերազմի ժամանակ Հադրութը թշնամու կողմից օկուպացիայի ենթարկվելուց հետո նա երեք անչափահաս երեխաների հետ տեղափոխվել է Երևան՝ զրկվելով մշտական բնակության վայրից։

Նախաքննական մարմինը նրան պահում է կալանքի տակ, պատճառաբանելով, որ վերջինս ինքնությունը չպարզած անձանց վրա կարող է  ազդեցություն գործադրել։

«Դավիթ Ավագյանը որևէ կերպ չի ընդունում իրեն վերագրվողը, այդ ամենն արհեստական մեղադրանք է։ Մեղադրանքի մեջ իրավական ու փաստական հանգամանքների ամբողջություն պետք է լինի, որն իր մեջ հանցակազմի բոլոր տարրերը պետք է պարունակի։ Իսկ Դավիթ Ավագյանին վերագրվող մեղադրանքն ուղղակի օրենսգրքից արտագրություն է, օրենսգրքի հոդվածն ուղղակի արտագրել են, այնտեղ կոնկրետ գրված չէ, թե ինչ արարք է թույլ տվել, այդ խուլիգանությունն ինչումն է դրսևորվել։ Քննչական կոմիտեն մեղադրանք է առաջադրել խուլիգանություն կատարելու հոդվածով, սակայն չի հիմնավորում, թե կոնկրետ ինչ է արել»,- հավելեց փաստաբանը։

Փաստաբանը նաև ընդգծեց, որ վաղը ամենայն հավանականությամբ իրենց բողոքը՝ կալանավորման դեմ՝ մերժվելու է, որովհետև այն մակագրվել է Արմեն Դանիելյանին, իսկ նա հայտնի է իր «օբյեկտիվ» որոշումներով։

Հիշեցնենք, որ այսօր Արցախի Հանրապետության ԱԺ-ում այս հարցին անդրադարձել է «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը, և նրան արձագանքելով՝ Արցախի ՄԻՊ-ը տեղեկացրեց, որ ՀՀ ՄԻՊ-ին խնդրել է պարզաբանումներ ստանալ Դավիթ Ավագյանի կալանավորման վերաբերյալ։

Տեսանյութեր

Լրահոս