Ոստիկանությունն այդպես էլ չասաց՝ հայտնաբերվե՞լ է արդյոք երեկ ցուցարարին չարամտորեն վրաերթի ենթարկած վարորդը
Երեկ՝ մայիսի 18-ին, անհնազանդության խաղաղ ակցիա իրականացնող քաղաքացիներից մեկին Կոմիտասի պողոտայում չարամտորեն վթարի է ենթարկել մի ավտոմեքենա՝ իր դիմաց փողոցը փակելու համար:
«Սալջարդ է եղել, հետազոտությունից հետո ինքնակամ դուրս է գրվել՝ 2-3 ժամ առաջ՝ անցնելով բոլոր հետազոտությունները: Տեղում ոստիկաններն արձանագրություն էին կազմել՝ հաղորդում հանցագործության մասին, ու տուժած քաղաքացուն Շտապ օգնության մեքենայով տեղափոխել Թիվ 1 համալսարանական հիվանդանոց»,- 168.am-ի հետ զրույցում երեկ ասել էր Երևանի պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը։
168.am-ի հարցին ի պատասխան՝ արդյո՞ք հայտնաբերվել և ձերբակալվել է վարորդը, ոստիկանությունից ասացին՝ մարմնական վնասվածք պատճառելու վերաբերյալ ոստիկանության Արաբկիրի բաժնում քաղաքացուց հաղորդում ընդունվել է, նախապատրաստվում են նյութեր:
Հետաքրքրվեցինք, այնուամենայնիվ, չարամտորեն վրաերթ կատարած վարորդը հայտնաբերվե՞լ է, թե՞ ոչ:
«Նախապատրաստվող նյութերով հրապարակման ենթակա այլ տեղեկատվություն կտրամադրվի լրացուցիչ»,- ասացին ոստիկանությունից՝ այդպես էլ ուղիղ չպատասխանելով հնչեցված պարզ հարցին: