
Վրաերթի հետևանքով քաղաքացին լուրջ վնասվածք չի ստացել. Սալջարդ է եղել. ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար

«Մայիսի 18-ին Երևանի Կոմիտաս-Վաղարշյան խաչմերուկում փողոց փակած ցուցարարներից մեկը, ում վրաերթի էին ենթարկել՝ 2-3 ժամ առաջ դուրս է գրվել հիվանդանոցից»,- 168.am-ին հայտնեց Երևանի պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը։
Նրա փոխանցմամբ՝ լուրջ վնասվածք չի եղել:
«Սալջարդ է եղել, հետազոտությունից հետո ինքնակամ դուրս է գրվել՝ 2-3 ժամ առաջ՝ անցնելով բոլոր հետազոտությունները»,- նշեց Շուշան Դանիելյանը։
Տեղում ոստիկաններն արձանագրություն էին կազմել՝ հաղորդում հանցագործության մասին, ու տուժած քաղաքացուն Շտապ օգնության մեքենայով տեղափոխել Թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Հիշեցնենք, որ ապրիլի 22-ից ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանի հայտարարությունից հետո, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության պայքարի մեկնարկը տրվեց։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են խաղաղ ակցիաներ, երթեր ու հանրահավաքներ։