ԱՄՆ ու ՌԴ դեսպանների զուգահեռ հայտարարությունները. ինչո՞ւ են «անհանգիստ» դեսպանները
Աշխարհաքաղաքական կենտրոնները, որոնց միջև պայքարը փետրվարի 24-ին նոր փուլ է թևակոխել Ուկրաինայում, ամենևին անտարբեր չեն վերջին շաբաթներին Հայաստանում ծավալվող ընդդիմության անհնազանդության ակցիաների, հանրահավաքների նկատմամբ։
Հայաստանյան ներքաղաքական ինտենսիվ զարգացումները ստվերեցին դիվանագիտական երկու հայտարարություն, որոնք տարածվեցին նախօրեին:
Մի իրավիճակում, երբ Ռուսաստան-Արևմուտք «պատերազմն» ամենաթեժ փուլում է և ըստ էության տարածվում է ամենուր, ՀՀ իշխանությունները պատրաստվում են Ադրբեջանի հետ Խաղաղության պայմանագիր ստորագրել, որի շրջանակում Արցախի ապագան, մեղմ ասած, խիստ մտահոգիչ է, իսկ ընդդիմությունը Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով դրա դեմ փողոցային պայքար է նախաձեռնել՝ այս հայտարարություններն ակնհայտորեն պատահական չեն և հստակ ուղերձներ են պարունակում:
Հայաստանում թափ առնող փողոցային պայքարի ֆոնին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը հարցազրույց է տվել «Արմենպրես» լրատվական գործակալությանը՝ նշելով, թե ԱՄՆ-ը հանձնառու է օգնել հայ ժողովրդին կառուցելու այնպիսի ապագա, որի հիմքում ընդհանուր ժողովրդավարական արժեքներն են ու այն ճանապարհը, որ հայ ժողովուրդն ընտրեց 2018 թվականին և մեկ անգամ ևս վերահաստատեց 2021 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ:
Սրանով տիկին Թրեյսին, ով, լինելով փորձառու դիվանագետ, պատահական դիտարկումներ չի հնչեցնում, իր անթաքույց աջակցությունն է հայտնում Նիկոլ Փաշինյանի իշխանությանը՝ այն փաթեթավորելով «ժողովրդավարություն», «արժեքներ» և այլ «գեղեցիկ» բառերով, որոնք որևէ առնչություն չունեն Նիկոլ Փաշինյանի իշխանության հետ:
Նմանօրինակ ձևակերպումներով աջակցությունը ՀՀ իշխանությանն ավելի մտահոգիչ է հատկապես վերջին երկու օրերին ոստիկանության կիրառած աննախադեպ բիրտ ուժի պայմաններում:
Ուշագրավ է, որ դեսպան Թրեյսին, ով վստահաբար ծանոթացել է ակնհայտ բռնություն պարունակող կադրերին, այդ մասին շարունակում է «լռություն» պահպանել:
Հարցին, թե ինչո՞ւ է ԱՄՆ դեսպանը նման շռայլ որակումներով հանդես գալիս և ակնհայտ աջակցություն հայտնում մի իշխանության, որը ՀՀ շահը չի արտահայտում ամենակարևոր հարցերում, չի ընդգծում, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում, կարելի է պատասխանել՝ մտածելով մի քանի այլ հարցերի շուրջ՝ գուցե ՀՀ իշխանություններն արտահայտում են Միացյալ Նահանգների՞ շահը, կամ պատրաստվում են քայլերի, որոնք բխում են տարածաշրջանում ԱՄՆ շահերի՞ց: Այսօր այս հարցերին ֆեյսբուքյան իր էջում անուղղակիորեն անդրադարձել էր քաղաքագետ Սուրեն Սարգսյանը:
Նա նշել էր, որ մեր տարածաշրջանում ԱՄՆ-ը Ռուսաստանին հակակշիռ չի կարող ձևավորել Իրանի միջոցով և այդ հարցում ունի միայն մեկ դաշնակից՝ Թուրքիան: Եվ, ըստ նրա, պատմության մեջ առաջին անգամ Հայաստանում կա իշխանություն, որը պատրաստ է միակողմանի և գլոբալ զիջումների հաշվին ձևավորել այնպիսի միջավայր (կամ արդեն ձևավորել է), որը հնարավորություն կտա Թուրքիային ներթափանցելով Հայաստան՝ բարձրացնել սեփական դերը ամբողջ Հարավային Կովկասում (չմոռանանք Թուրքիայի ազդեցությունը Վրաստանի և Ադրբեջանի վրա) և ռեալ հակակշիռ ստեղծել Ռուսաստանին: Ակնհայտորեն, ներկայումս ԱՄՆ-ը հետաքրքրված է թե հայ-ադրբեջանական, թե հայ-թուրքական, այսպես կոչված, կարգավորման գործընթացներով, որոնց երկուսի հաջողության պարագայում էլ ռուսական ռազմական կոնտինգենտի ներկայությունը թե Արցախում, թե Հայաստանում ավելորդ է դառնալու: Եվ Հայաստանի տեսանկյունից խնդիրը կարգավորումը չէ, այլ կարգավորման պայմանները՝ այն, թե ինչպիսի՞ն, որտե՞ղ է լինելու Արցախի, արցախահայության ապագան, ի՞նչ նկատի ունի իշխանությունը՝ ասելով Արցախի կարգավիճակ, ի՞նչ նշաձողից էր խոսում շաբաթներ առաջ խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը, հերթական ի՞նչ զիջումների են պատրաստվում գնալ ՀՀ իշխանությունները հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացում անկլավների հարցով և ի՞նչ զիջումների են պատրաստվում հայ-թուրքական գործընթացի շրջանակում:
ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լի Թրեյսիի հայտարարություններին զուգահեռ՝ տարածվեց ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանության մեկնաբանությունը կենսաբանական անվտանգության ապահովման ոլորտում Ռուսաստանի և Հայաստանի համագործակցության վերաբերյալ։
Ինչպես հայտնի է, Հայաստանում ԱՄՆ ֆինանսավորմամբ գործող բիոլաբորատորիաների թեման ՌԴ ամենացավոտ կետերից մեկն է, ռուսական մտահոգությունները փարատելու նպատակով ՀՀ և ՌԴ միջև «Կենսաբանական անվտանգության ապահովման հարցերով» փոխըմբռնման հուշագիր էր ստորագրվել դեռևս անցյալ տարի, սակայն դա կարծես բավարար չէ, կամ թեման նոր սրությամբ է ընկալվում ՌԴ-Արևմուտք լարվածության պայմաններում:
Դեսպանատան ֆեյսբուքյան էջում տարածվել էր ՀԱՊԿ ղեկավարների մակարդակով վերջին գագաթնաժողովում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ելույթից մի հատված, որը նվիրված էր կենսաբանական անվտանգությանը:
«Ռուսաստանի Դաշնությունը շարունակում է արդյունավետ փոխշահավետ համագործակցությունը Հայաստանի հետ կենսաբանական անվտանգության ապահովման ոլորտում։ Դրա ակտիվացմանը նպաստեց 2021 թվականի մայիսին կենսաբանական անվտանգության ապահովման երկկողմ փոխըմբռնման միջկառավարական հուշագրի ստորագրումը»,- նշում է դեսպանատունը:
Ըստ դիվանագիտական ներկայացուցչության՝ միևնույն ժամանակ, կենսաանվտանգության մասին հիշյալ հուշագրի կատարման համատեքստում ՌԴ-ն դեռևս ունի հարցեր՝ կապված կենսաբանական ոլորտում ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների հետ Հայաստանի փոխգործակցության մասին ստացվող տեղեկատվության հետ, ներառյալ՝ ռազմական գերատեսչությունների միջոցով։
«ԱՄՆ պաշտպանության նախարարությունը նպատակաուղղված է Վրաստանում ֆինանսավորվող Լուգար կենտրոնին, որպեսզի ակտիվացնի մանրէաբանության և համաճարակաբանության ոլորտում համատեղ հետազոտությունները Հայաստանի և տարածաշրջանի այլ երկրների հետ: Մանրակրկիտ վերլուծության է արժանի նաև արևմտյան մասնավոր ընկերությունների գործունեությունը, որոնք կենսաբանական հետազոտություններ են իրականացնում Պենտագոնի շահերից ելնելով Անդրկովկասյան տարածաշրջանում, ինչպես նաև Հայաստանում ուկրաինական կենսանախագծերին մասնակցող կառույցների առկայությունը։
ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները չեն բացատրում, թե ինչ են անում Հայաստանում՝ ռուսական սահմաններին մոտ։ Այս գործոնը, իհարկե, մեր կողմից հաշվի է առնվում Ռուսաստանի կենսաբանական անվտանգության ապահովման համատեքստում»,- ասվում է դեսպանատան հայտարարության մեջ, որով ռուսական կողմն իր մտահոգությունն է հայտնում և ըստ էության զգուշացնում ՀՀ իշխանություններին ԱՄՆ-ի հետ նրանց համագործակցության վերաբերյալ:
Ակնհայտորեն այս հայտարարությունը, ունենալով արտաքին հասցեատերեր, ունի նաև հստակ ներքին հասցեատերեր՝ ՀՀ իշխանությունների ու ընդդիմության տեսքով ներքաղաքական ներկայիս փուլում:
Պարզապես ուշագրավն այն է, որ այս երկու դիվանագիտական ուղերձներն արվեցին զուգահեռաբար՝ ներքաղաքական գործընթացների վրա որոշակի ազդեցության հեռանկարով:
Սա նաև նշանակում է, որ գեոպոլիտիկ պայքարը Հայաստանում ևս նոր փուլ է թևակոխում: