«Էրդողանը մի խաղամոլ է, ով սիրում է օգտվել ճգնաժամերից». գերմանական մամուլ
Գերմանական մամուլում մեծ արձագանք են ստացել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրողանի հայտարարությունները Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հեռանկարի վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Այդ արձագանքները լուսաբանվել են թուրքական լրատվական կայքերի կողմից: Գերմանական մամուլի հրապարակումներում կարծիքներ կան այն մասին, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը վետո կդնի ՆԱՏՕ-ին անդամակցելու Ֆինլանդիայի և Շվեդիայի դիմումների վրա։
Ռուսաստանի կողմից Ուկրաինայի վրա հարձակումը դիտարկելով որպես Արևմուտքին նետված մեծագույն մարտահրավեր՝ գերմանական մամուլը նշում է, որ արևմուտքը համախմբվել է լիովին ու ցույց տվել իր միասնականությունը և ամրությունը:
Այս համատեքստում, ըստ հրապարակումների, Թուրքիայի կողմից հավանական վետոն կվտանգի սկանդինավյան երկու երկների անվտանգությունը:
Մասնավորապես գերմանական հեղինակավոր «Süddeutsche Zeitung» թերթի հրապարակման մեջ նշված է.
«Ցավալին այն է, որ Էրդողանի շանտաժը կարող է աշխատել: Ֆինլանդիայի և Շվեդիայի միանալը ՆԱՏՕ-ին չպետք է ձախողվի: Այսպիսով մյուս կառավարությունները ստիպված կլինեն ինչ-որ բան տալ Անկարայի խաղամոլին (նկատի ունի Էրդողանին-խմբ.) կամ քրդական հարցի, կամ սպառազինության, կամ էլ Թուրքիայում օրենքի գերակայության համակարգված ոչնչացման երևույթների հանդեպ աչք փակելու հաշվին: Այդպիսով Թուրքիան կմնա ՆԱՏՕ-ի կարևոր գործընկեր, սակայն Թուրքիայի նախագահը ՆԱՏՕ-ի համար կշարունակի մնալ որպես անկայուն «խուսանավող»։
Գերմանական մամուլն Էրդողանին նմանեցրել է մի խաղամոլի, ով սիրում է օգուտներ քաղել միջազգային ճգնաժամերից: