Ինչպե՞ս անցավ Փաշինյան-Պուտին հանդիպումը

Օրերս Մոսկվա կատարած աշխատանքային այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը Կրեմլում առանձնազրույց էր ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: 1992թ․ մայիսի 15-ին ստորագրված Հավաքական անվտանգության պայմանագրի 30 և 2002թ․ մայիսի 14-ին ՀԱՊԿ հիմնելու վերաբերյալ որոշման 20-ամյակին նվիրված ՀԱՊԿ ղեկավարների գագաթնաժողովից հետո Փաշինյանը հանդիպել էր Պուտինին և նշել, որ ամիս էլ չի անցել իր՝ ՌԴ առաջին պաշտոնական այցից հետո:

«Մենք գտնվում ենք մշտական կապի մեջ, հաճախ հեռախոսազրույցներ ենք ունենում: Տնտեսության առումով ցանկանում եմ նկատել, որ մարտ ամսին որոշակի անկումից հետո նկատվում է երկկողմ տնտեսական կապերի ակտիվացում: Մենք տեսնում ենք ներդրումային հետաքրքրություն ռուսական բիզնեսի կողմից, որն ուզում է ներդրումներ կատարել Հայաստանում: Եվ գիտեմ, որ այս հարցում Դուք ևս քաջալերում եք ռուսաստանցի գործարարներին, որպեսզի նրանք ներդրումներ կատարեն Հայաստանում: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ դրա համար»,- նշել է Փաշինյանը՝ հույս հայտնելով, որ քննարկելու են նաև տարածաշրջանային անվտանգության, կայունության, ԼՂ հակամարտության կարգավորման, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի կարևոր դերակատարման հետ կապված հարցեր:

Իր հերթին՝  ՌԴ նախագահը նշել էր, որ հարցերը միշտ շատ են, դա ակնհայտ է` վկայում է իրենց երկխոսության ինտենսիվության մասին: «Ես մեր երկկողմ ձևաչափով զրույցի սկզբում կցանկանայի նշել, որ նախորդ տարվա կտրվածքով դիտարկում ենք առևտրաշրջանառության զգալի աճ, շարունակվում են ներդրումները, ակտիվորեն շարունակում ենք աշխատել ղարաբաղյան խնդրի կարգավորման ուղղությամբ եռակողմ ձևաչափով` Ադրբեջանի գործընկերների հետ միասին»,- ասել էր Պուտինը:

Ուշագրավ է հատկապես այն հանգամանքը, որ այս այցը տեղի ունեցավ ՀՀ–ում նոր թափ առած հակաիշխանական ընդդիմադիր շարժման ֆոնին, որն ըստ էության գլուխ բարձրացրեց ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի՝ Արցախի կարգավիճակի նշաձողն իջեցնելու մասին  աղմկահարույց հայտարարությունից հետո: Ի դեպ, հայկական կողմը միայն օրերս ներկայացրեց, թե ինչ 6 առաջարկ է փոխանցել Ադրբեջանին՝ ի պատասխան Ադրբեջանի 5 առաջարկների, որոնցում որևէ հստակություն չկա, թե հայկական կողմն Արցախի համար ինչ կարգավիճակի համար է բանակցելու Ադրբեջանի հետ Խաղաղության համաձայնագրի բանակցություններում: Եվ այս իրավիճակում  ամենաքննարկվող հարցերից մեկն այն է, թե արդյոք Փաշինյանն ունի՞ աշխարհաքաղաքական կենտրոնների աջակցությունը: Իշխանամերձ փորձագիտական շրջանակները շատ հաճախ են շահարկում հարցը, որ Փաշինյանը պետք է Մոսկվային, Վաշինգտոնին ու Բրյուսելին, որպեսզի արագ ավարտին հասցնի Ադրբեջանի ու Թուրքիայի հետ, այսպես կոչված, կարգավորման գործընթացները:

«168 Ժամ»-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովն ասաց, որ հանդիպումը գնահատում է նորմալ՝ ո՛չ ջերմ, ո՛չ սառը, քանի որ նախորդ ամսվա ընթացքում Փաշինյան-Պուտին ավելի ծանրակշիռ հանդիպում էր տեղի ունեցել բովանդակային առումով: Պարզապես, ըստ նրա, հասկանալի է, որ ՀԱՊԿ գագաթնաժողովի շրջանակում այս հանդիպումը ևս մեկ հնարավորություն էր կողմերի համար՝ քննարկելու ընթացիկ հարցեր և հատկապես Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքը, ինչպես նաև  ԵՄ միջնորդությամբ տարվող գործընթացը:

«Դատելով հաղորդագրություններից, կարևորվում են եռակողմ հայտարարությունները, և դեռ հստակ չէ, թե ապրիլյան հանդիպումից հետո ինչպես է զարգանալու գործընթացը ԵՄ հովանու ներքո, քանի որ ապրիլից հետո դեռ հանդիպումներ չեն եղել: Ինչու եմ նշում ապրիլի մասին, քանի որ ապրիլին է ՌԴ-ն հայտնել որոշակի անհամաձայնություն այն գործընթացների նկատմամբ, որոնք այլ կենտրոններն են առաջ տանում: Միևնույն ժամանակ հարկ է նաև նշել, որ կտրուկ չեն մերժվում եռակողմ  փաստաթղթերը, իսկ ՌԴ-ն նույնը չի անում այն պայմանավորվածությունների վերաբերյալ, որոնք այլ վայրերում են ձեռք բերվում»,- ասաց վերլուծաբանը՝ շարունակելով, որ Արևմուտքը ցանկանում է գործընթացը բեկել իր դաշտ, մեծացնելով ճնշումը ՌԴ-ի նկատմամբ: Սակայն Հարավային Կովկասում, նրա խոսքով, հաշվի չնստել ՌԴ-ի հետ՝ այս փուլում չի ստացվի միայն գոնե այն պատճառով, որ Ղարաբաղում խաղաղապահներ կան:

Ինչ վերաբերում է ներքաղաքականությանը միջամտությանը, ապա Լուկիանովն ասաց, թե ակնհայտ է, որ Ռուսաստանը որևէ դիրքորոշում հայտնելուց խուսափում է, ցանկանում է հեռու մնալ այդ գործընթացներից, չասոցիացվել որևէ ուժի հետ, հատկապես, երբ չկա նման հարցերով զբաղվելու ռեսուրսը: «Բնականոն իրավիճակում ՌԴ-ն պետք է հավասարակշռված հարաբերություններ ունենա իր գործընկեր երկրների բոլոր ուժերի հետ, սակայն սա բնականոն իրավիճակ  չէ ՌԴ-ի համար: Ինչպես նախկինում եմ ասել, շատ հարցեր ՌԴ-ի համար  մղված են երկրորդ պլան»,- նկատեց նա:

Մեզ հետ զրույցում ռուս ռազմաքաղաքական վերլուծաբան Վլադիմիր Եվսեևը նախ գնահատեց ՀԱՊԿ նիստը՝ նշելով, որ այն ևս մեկ անգամ ապացուցեց, որ չկա միասնականություն, և յուրաքանչյուր երկիր իր խնդիրների մասին է մտածում, մտածում  է կառույցն իր խնդիրներին ծառայեցնելու մասին: Ըստ նրա, ՀԱՊԿ-ը միշտ եղել է կառույց, որում երկկողմ կապերն են հաշվի առնվել, որի շնորհիվ ՌԴ-ն արտոնյալ պայմաններ է տրամադրել իր գործընկեր երկրներին, սակայն ներկայումս ակնհայտ է, որ ոչ բոլորն են ցանկանում  բացահայտ աջակցություն հայտնել, և այս գագաթնաժողովը, նրա կարծիքով, ուղերձ փոխանցեց, որ գոնե պետք է լինի գործընկերային դիվանագիտական աջակցություն:

«Թե իրադարձություններն այս բարդ փուլում ինչպես կզարգանան, կրկին բարդ է ասել, քանի որ աշխարհաքաղաքական լուրջ մրցակցություն է ընթանում, և այս դեպքում ավելի փոքր երկրները զգուշանում են»,- նկատեց նա:

Ինչ վերաբերում է երկկողմ օրակարգին, ապա, ըստ Եվսեևի, Ռուսաստանը, չնայած «ծանրաբեռնվածությանը»՝ տրամադրված է թույլ չտալ  լարվածության նոր բռնկումներ հակամարտության գոտում, ձեռքը պահելով նաև տարածաշրջանի քաղաքական «զարկերակի» վրա:

«Բարձրաստիճան հանդիպումը դա արձանագրեց, այն ոչնչով աչքի չընկավ, պետք է հաշվի առնել նաև այն, որ դա հանդիպում էր բազմակողմ ձևաչափով միջոցառման շրջանակում: Եռակողմ փաստաթղթերը կատարվում են որոշակի ձգձգումներով, սակայն ձևավորվում են համապատասխան հանձնաժողովներ՝ սահմանազատման, ինչպես նաև ապաշրջափակման: Այս փուլում Ռուսաստանին ձեռնտու է ստատուս-քվոյի պահպանումը Ղարաբաղյան հարցում, իսկ հետագա ամեն զարգացում կախված  ու կապված է լինելու հետպատերազմական իրավիճակի հետ»,- նկատեց վերլուծաբանը:

Անդրադառնալով ներքաղաքական իրավիճակին՝ վերլուծաբանը նաև ասաց, որ Ռուսաստանում վստահաբար հետևում են երևանյան իրադարձություններին, սակայն դրա վերաբերյալ պաշտոնական դիրքորոշում հայտնել չեն կարող: «Միևնույն ժամանակ Ռուսաստանում այլ գործընկեր երկրներում  համագործակցությունների արատավոր փորձ կա, այդ պատճառով վերջին շրջանում ՌԴ-ում բոլոր շրջանակները հասկացել են, որ պետք է զուսպ լինեն և չանեն քայլեր, որոնք կարող են որևէ կերպ միջամտություն ընկալվել»,- ասաց Եվսեևը:

 

Տեսանյութեր

Լրահոս