Գարիկ Գալեյանին ազատ են արձակելու, բայց եղբոր գործը փորձում են տանել դեպի ձերբակալության․ Տիգրան Աբրահամյան

«Իշխանության, նրան ենթարկվող մարմինների նկատմմաբ վստահություն չկա։ Հստակ կարելի է որևէ բան փոխանցել միայն այն ժամանակ, երբ մարդը կլինի ազատության մեջ»-168.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ»  ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ մեկ ժամ առաջ հայտնել էին, որ 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանն ազատ է արձակվելու։

«Այն, ինչ այս պահին ուրվագծվում է՝ այն է, որ Գարիկ Գալեյանին ազատ են արձակելու, բայց նրա եղբոր՝ Արթուրի հետ կապված, փաստացի, գործն ուզում են տանել դեպի ձերբակալության։ Սա նշանակում է, որ փորձում են իրավիճակն օգտագործել։ Նախ սրում են իրավիճակը, որովհետև այստեղ հավաքվել են մեծ թվով մարդիկ,ովքեր այս հայրենիքի համար բավականին մեծ ու թանկ բան են տվել և այս մարդկանց հետ այսպես վարվել ուղղակի որևէ մեկը բարոյական իրավունք չունի։ Իշխանությունը փորձում է վարվել այնպես, ինչպես շատ դեպքերում․ըստ էության սա գերության նման մի բան է,  որովհետև փորձում են մեկուսացման մեջ պահելով ճնշել մյուս բոլոր այն ծնողներին և հարազատներին, որոնք իրենց արդարացի բողոքները, պահանջները տարբեր առիթներով ներկայացնում են։ Ակնհայտ է, որ այս իշխանության և նրա տարբեր սպասարկուների համար արժեքային համակարգ, բարոյականություն, այլևս որևէ ձևով գոյություն չունի և բոլոր այն մարդիկ, ովքեր առաջնորդվում են այն սկզբունքով, թե իրենք հրաման են կատարում, անձնապես որևէ բան չունեն, դա որևէ ձևով չի կարող արդարացնող լինել։ Այն մարդիկ, ովքեր այս գործընթացի մեջ են, մաս են կազմում, նրանք հավասարապես կիսելու են քաղաքական իշխանության իջեցրած հրահանգների ողջ պատասխանատվությունը»,-նշեց պատգամավորը։

Նշենք, որ մի քանի ժամ առաջ տեղեկացանք, որ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական գլխավոր վարչության քննիչը որոշում է կայացրել ձերբակալել նաև Գարիկ Գալեյանի, ավագ եղբորը՝ Արթուրին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։

«Այս պահին պատգամավորներ Արամ Վարդևանյանը, Տիգրան Աբրահամյանը, Արթուր Ղազինյանը, Արթուր Սարգսյանը, Արմենուհի Կյուրեղյանը, Հռիփսիմե Ստամբուլյանը և ես արդեն մոտ 3 ժամ գտնվում ենք քննչականում:

Հուսով ենք, որ վարույթ իրականացնող մարմինը չի գնա նման քայլի և չի ձերբակալի Արթուր Գալեյանին, ինչպես նաև կվերացնի Գարիկ Գալեյանի ձերբակալման ավելի վաղ ընդունած որոշումը:

Անհրաժեշտ ենք համարում նշել, որ Արթուր Գալեյանը ինքնակամ է ներկայացել քննչական մարմին և չի փորձել թաքնվել կամ խոչընդոտել քննությանը»,- նշել է Արթուր Վանեցյանը:

Նշենք, որ նախօրեին ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության շենքում միջւադեպ էր եղել զոհված զինծառայողների ծնողների եւ քննիչների միջեւ: Իրար քաշքշել էին, հնչել էին հայհոյանքներ: Այսօր առավոտյան Գարիկ Գալեյանին ձերբակալել են:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս