1 միլիարդ 800 միլիոն դրամ. Հերթական դրամաշնորհը՝ ԱՆԻՖ-ին
Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը՝ ԱՆԻՖ-ը, մայիսի 3-ին վարչապետի աշխատակազմից ստացել է հերթական դրամաշնորհը։ «Պետական աջակցություն ՀՀ–ում և արտերկրում ներդրումային և ՊՄԳ ծրագրերի իրականացմանը» միջոցառման համար այս անգամ ՓԲԸ-ին հատկացվել է ոչ ավել, ոչ պակաս՝ 1 միլիարդ 800 միլիոն դրամ:
Այս տպավորիչ դրամաշնորհը, ըստ պայմանագրի՝ ԱՆԻՖ-ին է տրվել հետևյալ միջոցառումների համար.
«Fly Arna» նոր ազգային ավիաընկերության գործունեության մեկնարկ, «ARFI» ներդրումային ընկերության գրանցում և քրաուդֆանդինգային հարթակի գործարկում, ներդրումային ծրագրերի իրագործման արդյունքում համաձայնեցված ընդհանուր պահմանների պատրաստում, գործողություններ, որոնք հանգեցնում են ծրագիրն իրականացնող մասնագիտական կազմակերպության վերաբերյալ տեղեկացվածության բարձրացմանը, ձևավորում են օտարերկրյա պոտենցիալ ներդրողների հետ համագործակցային կապեր և հանգեցնում նրանց ՀՀ ներգրավման, «Այգ-1» ծրագրի իրականացման աջակցություն:
Հիշեցնենք, որ օտարերկրյա ներդրումներին աջակցելու նպատակով 2019 թվականից գործող «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ին ստեղծումից մեկ ամիս անց արդեն գործադիրի որոշմամբ 240 մլն դրամ էր տրամադրվել կրկին դրամաշնորհի տեսքով:
Ավելի ուշ կառավարության որոշմամբ՝ նույն այդ «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի» (այսուհետ՝ ԱՆԻՖ) բաժնետոմսերի 100%-ը ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից փոխանցվել էր ՀՀ վարչապետի աշխատակազմին. Ըստ ՀՀ կառավարության՝ հաշվի առնելով ԱՆԻՖ-ի բազմավեկտոր գործունեությունը և կատարվող աշխատանքների բնույթը՝ անհրաժեշտություն է առաջացել սեփականության իրավունքներն ուղղակիորեն փոխանցել ՀՀ վարչապետի աշխատակազմին: