Չավուշօղլուն Բլինքենի հետ ԱՄՆ-ում հնարավոր է քննարկի հայ-թուրքական գործընթացը
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն պաշտոնական այցով կմեկնի Նյու-Յորք, որտեղ մայիսի 16-19-ը տեղի կունենա միգրացիոն քաղաքականության վերանայման վերաբերյալ միջազգային համաժողով: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Նշվում է, որ այցի շրջանակներում Չավուշօղլուն նաև մասնակցելու է Նյու Յորքի ՄԱԿ-ի գրասենյակում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի գլխավորությամբ կայանալիք պարենային անվտանգության հարցերով համաժողովին:
Չավուշօղլուն առանձին հանդիպում կունենա Բլինքենի հետ, որի ընթացքում հնարավոր է օրակարգ բերվի հայ-թուրքական գործընթացը:
Աղբյուրի տեղեկացմամբ՝ Վաշինգտոնը հայատարարել է, որ իրենք աջակցել են Թուրքիայի ու Հայաստանի հատուկ ներկայացուցիչների նշանակմանը: Վաշինգտոնը թուրքական կողմին տեղեկացրել է, որ իրենք ողջունում են Հայաստան-Թուրքիա հարաբերությունները կարգավորելու համար ընթացող բանակցությունները:
Թուրքիայի ԱԳՆ-ի ղեկավարը Նյու-Յորքում կհանդիպի նաև թուրքական համայնքի ներկայացուցիչների հետ: