«Խեղդում էին, անգամ առողջական ահազանգից հետո, որ չի կարելի պարանոցիցս կախվել, բայց դիտավորյալ անում էին»․ Արմեն Աշոտյանը ազատության մեջ է․ ՈՒՂԻՂ
«Թրքաբարո, կեղտոտ, քաղաքական առումով խառնարյուն պահվածք որոշ կարմիրբերետավորների կողմից, որը հանգեցրեց տարբեր մարդկանց մոտ մարմնական վնասվածքների»,- ոստիկանական բաժանմունքից դուրս գալուց հետո ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով այսօր իր բերման ենթարկվելու մանրամասներին և գնահատելով Ոստիկանության գործողությունները:
Արմեն Աշոտյանը նախ տեղեկացրեց, որ ազատության մեջ է, ու շնորհակալություն հայտնեց բոլոր այն մարդկանց, ովքեր անհանգստացել են:
Նա նշեց, որ Ոստիկանության այսօրվա վայրագությունները, բռնությունն իշխանությունների կողմից «Նիկոլի անձնական հրահանգն էր», և, ցավոք, այդ հրահանգը կատարելիս՝ որոշ կարմիր ու սև բերետավորներ աչքի են ընկել «ենիչերական պահվածքով՝ թրքաբարո պահվածքով»:
«Այդ մարդիկ պատասխան են տալու ժողովրդի և օրենքի առջև, բիրտ ուժը, որ կիրառվել է այսօր ցուցարարների նկատմամբ, ապարդյուն է, որովհետև բոլոր մարդիկ ոգիները բարձր, պայքարի են տրամադրված անգամ նրանք, ովքեր կամուկացի մեջ էին մինչև այսօրվա վայրագությունները, ինձ գրում են, որ այսօրվանից միանալու են մեր պայքարին: Դուք տեսաք՝ ինչ ստոր, կեղտոտ ձևով Ոստիկանությունը տարավ նաև իմ խմբի ցույցի մասնակիցներին, չթողեցին անգամ, որ մենք Ցեղասպանության և Հոլոքոստի զոհերի հիշատակի կոթողի մոտ ծաղիկ դնենք:
Թրքաբարո, կեղտոտ, քաղաքական առումով խառնարյուն պահվածք որոշ կարմիրբերետավորների կողմից, որը հանգեցրեց տարբեր մարդկանց մոտ մարմնական վնասվածքների, օրինակ, իմ հագուստն է, և այլն: Մեզ որևէ բան չի կարող կանգնեցնել, ավելի մեծ ծառայություն համաժողովրդական շարժմանը, քան այսօրվա թրքաբարո ոչնչության հրահանգն էր՝ հարձակվել ժողովրդի վրա, իրականացնել հնարավոր չէր, և այս տեսակետից ուզում եմ նորից շնորհակալություն հայտնել հազարավոր իմ հայրենակիցներին, որոք միացել են Հայաստանով մեկ այսօրվա ակցիաներին, շնորհակալություն հայտնել Ձեր բոլոր անհանգստությունների համար, անհանգստանալու, մտահոգվելու համար: Շուտափույթ ապաքինում բոլոր այն մարդկանց, որոնք վնասվածքներ են ստացել, շուտափույթ ազատում բոլոր այն մարդկանց, ովքեր անազատության մեջ են, մեր պայքարը շարունակվում է»,- ասաց Արմեն Աշոտյանը:
Նրա խոսքով՝ «խղճուկ, ոչնչություն Նիկոլը» որևէ ավելի լուրջ աջակցություն այս շարժմանը չէր կարող ապահովել, քան բացահայտ կերպով ցույց տալն էր, որ ինքն իրականում ևս մեկ անգամ կառչած է բացառապես ուժային ապարատի որոշ «ստրկաբարո ծառայություն մատուցող բերետավոր էակներից», որոնց կողմից եղավ ուժի աննախադեպ կիրառում: «Անգամ իմ կադրերը, որ նայեք, կտեսնեք, որ խեղդում էին դիտավորյալ, անգամ առողջական ահազանգ արեցի, որ չի կարելի պարանոցիցս կախվել, խեղդել՝ բժշկական պատճառներից ելնելով, հետևողականորեն ինադու անում էին, և իշխանափոխությունից հետո՝ դատական կարգերով, այդ պատիժներն իրենց ուշանալ չեն տալու: Պայքարը շարունակում ենք, ես Ֆրանսիայի հրապարակում եմ, կտեսնեմ Ձեզ այսօր, վաղը, մյուս օրը»,- ասաց Արմեն Աշոտյանը: