ԱՄՆ-ը հաջողությամբ անցկացրել է AGM-183A գերձայնային հրթիռի փորձարկումը
ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերը (ՌՕՈւ) հաջողությամբ անցկացրել են AGM-183A գերձայնային հրթիռի նախատիպի փորձնական արձակումը: Այդ մասին հաղորդել են ամերիկացի զինվորականները: Արձակումն Air-Launched Rapid Response Weapon (ARRW) ծրագրի շրջանակներում իրականացվել է մայիսի 14-ին Boeing B-52H Stratofortress ռմբակոծիչից՝ Կալիֆոռնիայի հարավային ափերի մոտ: Ինչպես նշվում է մշակողների տարածած հայտարարության մեջ, հրթիռի արագությունը հինգ անգամ գերազանցում է ձայնի արագությանը:
ԱՄՆ-ի ՌՕՈւ-ի սպառազինությունների ծրագրի ղեկավար Հիթ Քոլինզը փորձարկման արդյունքները համարել է «մեծ ձեռքբերում»: Անցած ամսին CNN հեռուստաալիքը հաղորդել էր, որ ԱՄՆ-ի զինվորականները մարտի կեսերին հաջողությամբ փորձարկել են գերձայնային հրթիռը, բայց դա գաղտնի են պահել, որպեսզի խուսափեն Ռուսաստանի հետ հարաբերություններում լարվածության էսկալացումից, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: