Նախկիններին վերագրվող թալանը վերաբաշխել են իրենց մեջ, կամ էլ թալան չի եղել. դրա վերադարձը չի երևում ո՛չ բյուջեում, ո՛չ ՀՆԱ-ի վրա. Սարգսյան

Նիկոլ Փաշինյանն օրերս Կառավարության նիստում հայտարարեց, որ քննարկում են կենսաթոշակառուներին քարտով առևտուր անելու դեպքում մինչև 10 % զեղչ տրամադրելու նախագիծ, ու առաջարկեց այն կազմակերպություններին, որոնք կաջակցեն Կառավարության այս գաղափարին, համագործակցել նախագիծը մշակողների հետ։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանն այդ հայտարարությունն ու առաջ քաշված գաղափարը համարեց ոչ թե պոպուլիզմ, այլ անամոթություն։

«Կարելի է բառը պոպուլիզմից փոխել և դարձնել անամոթություն։ Ինչո՞ւ, որովհետև գրեթե բոլոր բանկերն ունեն զեղչային համակարգի քարտեր, արդեն իսկ կա խանութներում մինչև 10 տոկոս զեղչ ստանալու հնարավորություն, հետևաբար հարց է առաջանում, թե ինչո՞ւ են առաջարկում մի բան, որն արդեն կա։ Նշեմ, որ նախատեսել են մոտ 4.5 միլիարդ դրամ հատկացնել այդ նպատակով։ Կարծում եմ՝ սա պետական գումարները փոշիացնելու հերթական քայլն է։ Մի կողմից՝ մենք պայքարում ենք, որ փոքր և միջին բիզնեսը խթանենք, մյուս կողմից՝ սուպերմարկետներին են տալիս 10 % զեղչ տրամադրելու հնարավորություն՝ շուկայից դուրս մղելով փոքր և միջին տնտեսվարողներին։

Կարծում եմ՝ նորից նախընտրական շրջանի առաջ են կանգնած, կամ ձայներ ստանալու կարիք ունեն, դրա համար էլ Փաշինյանը նման հայտարարություն է անում, բայց կրկնում եմ՝ այս հայտարարությունը քաղաքական է և անամոթություն»,- ասաց Նաիրի Սարգսյանը՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը համարելով ընդամենը հանրային աջակցություն ստանալու համար արված մի բան, որը շատ նման է ապօրինի գույքի բռնագանձման մասին արված հայտարարություններին, որոնք մնացին սոսկ հայտարարություն, որովհետև որևէ գույքի գումար պետական բյուջե չի ուղղվել. ավելին՝ եթե գործող օրենսդրական կարգավորումներով այդ օրենքը գործի, ապա դրա համար ապագայում վճարելու են Հայաստանի քաղաքացիները, քանի որ կայացված որոշումները կբողոքարկվեն միջազգային դատարաններում։

«Ցույց տվեք մի քրեական գործ, որն ավարտին են հասցրել այս իշխանությունները. չկա ու չի էլ լինելու, իսկ եթե լինի, դրա համար վճարելու է հայ ժողովուրդը միջազգային դատարանների որոշումներով, որոնք լինելու են այս անգրագետ Կառավարության ընդունած անգրագետ որոշումների պատճառով։

Այս մարդիկ ընդամենը գործի իմիտացիա են ստեղծում։ Խոսում են նախկինների թալանի մասին. հարց է առաջանում՝ եթե թալանը չեք բերել, ուրեմն թալանի վեաբաշխում է կատարվել։ Եկեք ցույց տվեք՝ թալանվածն ո՞ւր է, ինչո՞ւ թալանվածի վերադարձի ազդեցությունը չկա պետբյուջեի վրա, եթե մեր բյուջեն իներցիայով մի քանի տոկոս աճ է արձանագրել ընդամենը, հետևաբար՝ չկա թալանը ՀՆԱ-ի ու պետական բյուջեի մեջ, այն չի բաժանվել Հայաստանի ժողովրդին, ուրեմն կամ թալան տեղի չի ունեցել, կամ բաժանվել է իրենց միջև»,- ասաց Սարգսյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս