«Այս իշխանությունները ժապավենով նվեր են Ադրբեջանի համար, դրա համար ասում են՝ Փաշինյան, держись». Մենուա Սողոմոնյան
5165 շարժման համահիմնադիր, ԵՊՀ դոցենտ Մենուա Սողոմոնյանի կարծիքով՝ ոստիկանությունն օր օրի կոշտացնում է շարժման մասնակիցների նկատմամբ գործողությունները, անցնում ավելի բիրտ մեթոդների:
«Դա ուղիղ համեմատական է նաև իրավապահ համակարգի կողմից թույլ տրվող ապօրինություններին, և պետք է իրենց հիասթափեցնել՝ ազդեցությունը հակազդեցություն է առաջացնում, և ինչքան շատ լինի այդ կոպտությունը, այդքան շարժումը ավելի ու ավելի ծավալվելու է: Այնպես որ, ոստիկանությանը, իրավապահ համակարգին խորհուրդ կտանք մնալ իրենց լիազորությունների շրջանակների մեջ, առաջնորդվեն ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով: Թեև, ցավոք, այնպիսին է կառուցակարգը, որ ոստիկանությունը ենթարկվում է վարչապետին, բայց պետք է հասկանալ, որ իշխանության առաջնային մանդատ ունեցողը ոչ թե վարչապետն է, այլ ժողովուրդը, այսինքն՝ ժողովուրդն է իշխանությունը ձևավորում, հետևաբար՝ ուժային կառույցները պետք է ժողովրդին ենթարկվեն, ոչ թե մեկ մարդու քմահաճությունները բավարարեն»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Անդրադառնալով «Համախմբում» շարժման խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանի կալանավորմանը, նա նշեց, որ դա մաքուր քաղաքական հետապնդում է:
«Դա նպատակ ունի շարժման կարևոր փուլում մեկուսացնել Ավետիք Չալաբյանին և լռեցնել ազատ խոսքը, նրա օբյեկտիվ, անկողմնակալ, տեղին, թիրախավորված, փաստարկված, սուր, սպանիչ քննադատությունները, որպեսզի դրանք հանրության մեջ չտարածվեն, որովհետև այս իշխանությունների վարկանիշը շեշտակի ձևով անկում է ապրում»,- ընդգծեց նա:
Մենուա Սողոմոնյանի խոսքով՝ իրավունքի հետ կապ չունեցող գործընթաց է Չալաբյանի կալանավորումը:
«Վերջին շրջանում շատ ենք տեսնում, չէ՞, այսպիսի կարված անհեթեթագույն գործեր, բայց ամեն դեպքում քիչ չեն մարդիկ, ովքեր շտապեցին պղտոր ջրում ձուկ որսալ, հասարակական տարբեր գործիչներ իրենց ձայնը բարձրացրին՝ փողով ուսանողներ եք բերում և այլն, նման անհեթեթ հայտարարություններ անել, որպեսզի դաշտում գոնե ինչքան չպիտակավորված մարդիկ կան, ովքեր կարող ուժ են, հետագիծ ունեն, նրանց դաշտից հանեն: Բայց իրենց նպատակները չեն կարող իրականացվել: Մենք օր օրի տեսնում ենք, որ շարժումը գնալով ծավալվում ու ծավալվում է»,- ընդգծեց նա:
5165 շարժման համահիմնադրի խոսքով՝ Փաշինյանի բառերով ասած՝ ռեժիմը խուճապի մեջ է. «Այն, ինչ ինքը ժամանակին ասում էր, որ՝ չեք տիրապետում իրավիճակին, գուցե իրենք տիրապետում են, գիտեն՝ ինչ է կատարվում, բայց ձգտում են հանրությանը ներկայացնել, իբրև ոչինչ չի եղել, ինքը գնում է Չարենցավանի ճանապարհին արձանի գործերով է զբաղվում, ասես ոչինչ չի եղել, այսինքն՝ սա ոչ ադեկվատ, ոչ սթափ, ոչ համարժեք վերաբերմունք է այն ամենին, ինչ տեղի է ունենում: Ինչքան ոչ ադեկվատ վերաբերմունք է իշխանությունների կողմից այդ ամենին, այնքան իրենց համար պրոբլեմատիկ է լինելու»:
Ինչ վերաբերում է Ադրբեջանի և Հայաստանի իշխանությունների կողմից ընդդիմադիր շարժման վերաբերյալ գրեթե նույն գնահատականներին, նա նշեց, որ Ադրբեջանի համար Հայաստանի իշխանությունները նվեր են. «Նրանց համար նվեր են, ովքեր գրեթե նույն ձևով կրկնում են իրենց թեզերը: Երբ ասում են՝ «Արցախը Ադրբեջանի կազմում չլինելու տեսական շանս չունի», «Արցախը Ադրբեջանի կազմում լինելու ապագան ունի», այսպիսի թեզեր հնչեցնող իշխանությունները ուղղակի ժապավենով նվեր են Ադրբեջանի համար: Բոլորովին վերջերս պատահական չէր Ալիևի քարոզչական գլխավոր զենքերից մեկի՝ Haqqin.az-ի գլխավոր խմբագրի գրածը՝ Հայաստանում ծավալվող շարժման վերաբերյալ, նա գրել էր՝ Փաշինյան, держись, այսինքն՝ պինդ եղիր, մենք քեզ հետ ենք»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում