«Հարություն Մանուչարյանը շարունակում է մնալ կալանքի տակ․ հաջորդ դատական նիստը նշանակված է հունսին». Պաշտպան
Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանի շահերի պաշտպան Արման Թամրազյանի խոսքով՝ Հարություն Մանուչարյանի գործի վերաբերյալ որևէ նորություն ու փոփոխություն չկա։
«Հարություն Մանուչարյանը շարունակում է մնալ կալանքի տակ, հաջորդ դատական նիստը նշանակված է հունիս ամսին։
Գործի հետ կապված քաղաքական գնահատական չտամ, քաղաքական ենթատեքստի մասին չխոսեմ, բայց տվյալ դեպքում կալանքի տակ գտնվելն իրավական չէ, որովհետև եթե դատական պրակտիկան ուսումնասիրեք, ապա 308-րդ հոդվածի 1-ին մասով 7 ամիս կալանքի տակ պահվող անձ երևի Հայաստանում չի եղել։
Միանշանակ Հարություն Մանուչարյանին կալանքի տակ պահելն իրավաչափ չէ, այն էլ այդ հոդվածով, երբ ակնհայտ հանցակազմի բացակայություն կա հենց մեղադրանքի որոշման մեջ նկարագրված։ Սա միանշանակ ապօրինի է»,- նշեց Արման Թամրազյանը։
Հիշեցնենք, որ Երևանի Աջափնյակ և Դավթաշեն ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գևորգ Պողոսյանը Բերդի համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանին մեկ ամսով կալանավորելու որոշում էր կայացրել Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 314-րդ հոդվածի 1-ին մասերի հատկանիշներով (պաշտոնեական կեղծիքը) առաջադրված մեղադրանքի հիմքով։ Ըստ առաջադրված մեղադրանքի՝ Հարություն Մանուչարյանի որդին՝ Անուշավան Մանուչարյանը, 5500 մետր սեփականության իրավունքով իրեն պատկանող հողամասի հենապատ կառուցելու ընթացքում հենապատը մի քանի մետր հայտնվել է համայնքային հողում, որի մասին Բերդ համայնքի ղեկավարը տեղեկացել է 2020 օգոստոսի 27-ին: 2020 թվականին Մանուչարյանի դեմ հարուցվել է վարչական վարույթ, սակայն պատերազմի հետևանքով այն կասեցվել է, և քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետները լրացել են։
Հարություն Մանուչարյանը նախորդ տարվա դեկտեմբերից կալանավորված է։