Բաժիններ՝

«Արցախն ապրում է»․ հայկական երկրորդ հանրապետությունում մեկնարկում է մշակութային մեծ փառատոն

Genesis Armenia ուղեղային կենտրոն/հիմնադրամը 2022թ. մայիսի 19-28-ը Արցախում կազմակերպում է մշակութային մեծ փառատոն, որի շրջանակում տեղի են ունենալու թատերական ներկայացումներ, ֆիլմի ցուցադրություն, ազգային պարի բաց դասեր, մշակութային քննարկումներ և ռազմահայրենասիրական մեծ համերգ:

«Արցախն ապրում է» խորագրով փառատոնի անմիջական հովանավորն է Genesis Armenia-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սամվել Վարդանյանը՝ տիկնոջ՝ Աննա Դադասյանի հետ միասին։ Մշակութային փառատոնը տեղի է ունենալու Արցախի հանրապետության պետնախարար Արտակ Բեգլարյանի բարձր հովանավորությամբ։

Փառատոնի նպատակն է նոր շունչ տալ հետպատերազմական Արցախի մշակութային կյանքին, ամրապնդել հավատը սեփական ուժերի նկատմամբ, նպաստել հոգևոր արժեքների զարթոնքին։

Մայիսի 19-24-ը Համազգային թատրոնի դերասանները կլինեն Ստեփանակերտ, Մարտակերտ, Մարտունի քաղաքներում, Ճարտար և Աղավնո համայնքներում։ Բեմում կլինեն «44 աստիճանի վրա», «Լոռեցի Սաքոն» և մանկական «Գծավորը» ներկայացումները, այնուհետև բոլոր շրջաններում դերասանները հանդիպում-քննարկումներ կունենան պետական կառույցների, մշակույթով հետաքրքրված գործիչների ու հանդիսատեսի հետ։

Փառատոնի շրջանակում Ստեփանակերտում առաջին անգամ կցուցադրվի ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Դավիթ Սահակյանցի «Օլիմպիկոսը» ֆիլմը, որին կհաջորդի քննարկում արվեստի, կինոյի ու մուլտիպլիկացիայի վերաբերյալ։

«Ծխախոտի վնասի մասին» մոնոներկայացմամբ հանդես կգա ռեժիսոր, դերասան Արա Գևորգյանը։

4 օր շարունակ Արցախի տարբեր շրջաններում ազգային պարի բաց դասեր կանցկացնի ջենեսիսական, Արցախի վերջին պատերազմի մասնակից, պարուսույց Միհրան Կոստանյանը։

Մայիսի 28-ին՝ Առաջին հանրապետության օրը, փառատոնը կամփոփվի ռազմահայրենասիրական երգերի մեծ համերգային ծրագրով՝ պատերազմից հետո
առաջին անգամ։ Ելույթ կունենան ՀՀ վաստակավոր արտիստներ, ժողովրդական երգիչներ:

Genesis Armenia-ն անկուսակցական նախաձեռնություն է՝ ուղեղային կենտրոն/հիմնադրամ, որի նպատակը համահայկական մտավոր ներուժի համախմբումն է, խելամիտ, առարկայական ու երկարաժամկետ ռազմավարական ծրագրերի միջոցով այդ ներուժը ֆինանսատնտեսական ներդրումների վերածելն ու ծառայեցնելը՝ ի սպաս հայ ժողովրդի ազգային շահերի: Genesis Armenia-ն հայկական մտավոր ներուժը համախմբում է՝ միջազգային հարաբերությունների, անվտանգային քաղաքականության, տնտեսության և բիզնեսի, արդյունաբերության և տեխնոլոգիաների, կրթամշակութային, առողջապահության ու բնապահպանության ոլորտներում` մեկտեղելով մեր հայրենակիցների հետազոտական ունակությունները, համաշխարհային կապերը, լոգիստիկ հնարավորությունները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս