Հայտնի են ավարտական և կենտրոնացված քննությունների օրերը
2021-22 ուսումնական տարվա ավարտը, բոլոր հնգօրյա աշխատող հաստատություններում ակնկալվում է այս տարվա հունիսի 3-ին, իսկ վեցօրյա աշխատանքային շաբաթ ունեցող հաստատություններում՝ հունիսի 6-ին: Այդ օրերին տեղի կունենա նաև վերջին դասի արարողությունը:
Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը:
Փոխնախարարը նշեց, որ այս տարի ակնկալում են ունենալ 12-րդ դասարանն ավարտող շուրջ 21 հազար շրջանավարտ, 9-րդ դասարանը կավարտի 34500-ից ավել աշակերտ:
«Արդեն իսկ պարզ են չորրորդ դասարանցիների գիտելիքների ստուգման օրերը, մենք նախատեսել ենք մայրենիի և մաթեմատիկայի գրավոր քննությունները անցկացնել հունիսի 10-ին և 13-ին: 9-րդ դասարանի ավարտական քննությունների օրերը նույնպես հայտնի են: Այս տարի մենք ունենք երկու կենտրոնացված քննություն 9-րդ դասարանում՝ «Հայոց լեզու և գրականության» և «Մաթեմատիկա»: Հայոց լեզվի կենտրոնցված քննությունը կլինի հունիսի 28-ին, մաթեմատիկայի քննությունը՝ հունիսի 30-ին: Ավելացնեմ, որ հունիսի 8-ից սկսվում են նաև մնացած առարկաների քննությունները, որոնք կկազմակերպվեն հենց դպրոցներում»,-ասաց Ժաննա Անդրեասյանը:
Նա նաև նշեց, որ հայտնի են 12-րդ դասարանում ավարտական քննությունների օրերը. «Հայոց լեզու և գրականության» առարկայի ավարտական քննությունը հունիսի 8-ին է, «Հայոց պատմություն» առարկայի քննությունը՝ հունիսի 15-ին, «Մաթեմատիկա» առարկայի քննությունը՝ հունիսի 22-ին: Առաջիկայում կհրապարակվեն նաև միասնական քննությունների օրերը, որոնք նախարարությունը լրացուցիչ կիրազեկի: