«Եղբա’յր, եթե կարծում ես, որ այս շարժումը մարելու է, ապա մարելու ես դո՛ւ՝ նստած քո բազմոցին». Սերժ Սրապիոնյան

«Իմ խոսքն ուղղված է բոլոր նրանց, ովքեր քաղաքականությամբ չեն զբաղվում, ովքեր համարում են, որ քաղաքականությունն իրենց գործը չի»–, Ֆրանսիայի հրապարակում հրավիրված ընդդիմության հանրահավաքի ժամանակ իր ելույթն այսպես սկսեց գրականագետ Սերժ Սրապիոնյանը։

«Իմ ուսանողներից մեկը համարում է, որ ես փչացա, երբ մտա քաղաքականություն, մինչդեռ այդ հաստակաշի ուղեղ ունեցողին ես բացատրել եմ, որ քաղաքականությամբ չեմ զբաղվել, էդ քաղաքականությունն է եկել, մտել իմ տուն, իմ զոհված եղբոր տղայի տեսքով, հայրենիքս մասնատելու տեսքով, Արցախը կորցնել տալու տեսքով և հիմա իրենց կեղտոտ թաթերը մղում են դեպի մեր հոգիները, մեր ավանդական, մեր հայկական, մեր պապենական հոգիները պղծել են ուզում։ Արդեն քանի օր է՝ մամուլում շրջանառվում է մի լուր, թե պատրաստված է նախագիծ սեռափոխության մասին, որ թույլ են տալու, որպեսզի նույնասեռ մարդիկ ամուսնանան և դա գրանցվելու է պետականորեն։ Թույլ են տալու, որ մարդը որոշի իր սեռը փոխել և պետությունը այդ վիրահատության համար տալու է 25․000 դոլար, թույլ են տալու, որ այդ մարդն այդ դեղերն ընդունի և դրա համարստանա 2 մլն դրամ։

Ինչ է սա նշանակում, կտրել մեզ արմատից, մեզ դարձնում են չհայ, և ես էդ նախագծի հեղինակին մի հարց եմ ուզում ուղղել, երբ երեխա ունենա, սեռը գրանցելո՞ւ է ծննդից հետո, թե՞ սպասելու է 18 տարի հետո երեխան որոշի՝ ինքը կի՞ն է, թե՞ տղամարդ։ Այս մարդիկ շահարկեցին մեր համբերությունը, այս մարդիկ եկան խաբելով մեզ, խաբելով ամենաստոր, ամենացինիկ, ամենալկտի, մարդկային ուղեղի համար անհասանելի ձևերով՝ սկսած մարդկանց դռների առաջ դագաղներ տանելուց, մինչև մեր հողի աշխատավոր, իր քրտինքով վաստակող գյուղացուն խաբելուց»,– նշեց Սերժ Սրապիոնյանը։

Այնուհետև դիմելով շարժման պառակտման մասին իշխանական ուժերի գնահատականներին՝ Սերժ Սրապիոնյանն ասաց․ «Եղբա’յր, եթե կարծում ես, որ այս շարժումը մարելու է, ապա մարելու ես դո՛ւ՝ նստած քո բազմոցին»։

Տեսանյութեր

Լրահոս