Բաժիններ՝

 «Դաստիարակչական ապտակի» չերևացող մասը                                                           

Անցած շաբաթ համացանցում հայտնվեց մի տեսանյութ, որում Երևանի դպրոցներից մեկի ուսուցիչը գրքով հարվածում է աշակերտին։ Նմանատիպ երևույթները մեր հասարակությունում արժանանում են երկակի գնահատականի։ Մի մասն ասում է, որ բռնությունն անթույլատրելի է։ Մյուսներն ասում են, որ այսօրվա երեխաները շատ անդաստիարակ են, և դժվար է նրանց հետ աշխատելը։ Մենք կամ դատապարտում ենք, կամ պաշտպանում։ Այս երկու մոտեցումներն են մոդայիկ մեր օրերում։ Բայց այս երկու տեսակետներից անդին կան շատ ավելի խորքային գործընթացներ, որոնք տեղի են ունենում ժամանակակից դպրոցներում։

20-րդ դարի ֆրանսիացի փիլիսոփա Միշել Ֆուկոն նշում էր, որ դպրոցները դիսցիպլինար հասարակությանը բնորոշ ինստիտուտներ են։ Դիսցիպլինար հասարակությունում մարդկանց առանձնացնում են դպրոցներում, հիվանդանոցներում, աշխատավայրերում, բանտերում և այլ հաստատություններում։ Պատահական չէ, որ դպրոցներում առ այսօր շարունակվում է «փակ դռներ» ունենալու մոտեցումը, քանի որ դիսցիպլինար հասարակական ինստիտուտների դերը մարդկանց փակ միջավայրերում պահելն է։ Դիսցիպլինար հասարակության մյուս առանձնահատկությունն այն էր, որ դրանցում պետք է ձևավորվեն հնազանդ քաղաքացիներ կամ, ինչպես Ֆուկոն է պատկերավոր ասում՝ լսող (ենթարկվող) մարմիններ։

Ինֆորմացիոն հասարակությունում, որտեղ կան սոցիալական ցանցեր և տեղեկատվության ազատ հասանելիություն, շատ դժվար է պահպանել դիսցիպլինար հասարակությանը բնորոշ փակ աշխատաոճը։ 20-րդ դարի մեկ այլ ֆրանսիացի փիլիսոփա՝ Ժիլ Դելյոզը 1990-ականներին ասում էր, որ մարդկությունը թևակոխում է հսկողության հասարակության շրջափուլ։ Այս հասարակությանը բնորոշ է այն, որ մարդու բոլոր քայլերը հնարավոր է վերահսկել։

Համացանցում հայտնված տեսանյութը դիսցիպլինար և հսկողության հասարակությունների բախումն է։ Դպրոցի ներկա մոդելում անհնար է առանց կարգապահության՝ ուսուցում իրականացնել։ Ինչպես նախկինում, այնպես էլ այսօր շատ աշակերտներ դպրոցում իրենց վատ են պահում. աղմկում են, խանգարում են ուսուցչին, ռեպլիկներ են անում, տարածված են բուլիինգի դեպքերը։ Սա միշտ է եղել։ Երեխաներն իրենց բնույթով աշխույժ են, դժվար են ենթարկվում կանոնների։ Եթե այս ամենին ավելանում են նաև ծնողների թերացումները, ապա գործ ենք ունենում դժվար կառավարելի երեխաների հետ։ Այս ամենին ավելանում են նաև հասարակական պահանջները, որոնց համաձայն՝ երեխաներին պետք է ազատություն տալ, պետք է կարևորել իրավունքը՝ մոռանալով պարտականությունը։ Արդյունքում, դպրոցներում էլ ավելի է դժվարանում երեխաների կառավարումը։

Կարգ ու կանոն հաստատելու նպատակով, երբեմն ուսուցիչները դիմում են որոշակի պատժիչ քայլերի (գոռալ, սաստել, հարվածել)։ Այս քայլերը լավ էին աշխատում դիսցիպլինար հասարակություններում, քանի որ դպրոցը փակ համակարգ էր, և, որպես կանոն, մարդիկ չէին իմանում նման դեպքերի մասին, կամ էլ իմանում էին ու դա համարում «դաստիարակչական ապտակ»։ «Եթե վատ բան ես արել, ուրեմն՝ պիտի պատժվես», այսպիսին էր դիսցիպլինար հասարակության կանոնը։

Տեխնոլոգիաների զարգացման արդյունքում այսօր պարբերաբար համացանցում հայտնվում են բռնություն պարունակող տեսանյութեր, որոնք նկարահանված են լինում գաղտնի տեսախցիկներով։ Այսինքն՝ հսկողության հասարակության մեխանիզմները ջրի երես են հանում դիսցիպլինար հասարակության աշխատաոճը։

Իհարկե, շատ հեշտ է քննադատել ուսուցչուհուն՝ ասելով, որ բռնությունն անթույլատրելի է։ Բայց այստեղ մենք գործ ունենք հասարակության, դպրոցի խորը ճգնաժամն արտացոլող երևույթի հետ։ Այս միջադեպն ապացույցն է այն բանի, որ այսօր հասարակությունը, երեխաները դարձել են դժվար կառավարելի։ Նախկինում հեշտ էր հանրություն, դասարան կառավարելը, քանի որ մարդիկ իրար նման էին, ավելի ենթարկվող էին։ Այսօր անգամ քաղաքական իշխանությունները չեն կարողանում կառավարել հասարակությունը՝ ունենալով հսկայական ռեսուրսներ, ուր մնաց՝ ուսուցիչը կարողանա դա անել։

Դելյոզը տասնամյակներ առաջ դպրոցի մասին հոռետեսական կարծիք էր հայտնել՝ ասելով, որ այն դատապարտված է։ «Խնդիրն առաջիկա տարիներին դպրոցի հոգեվարքի կառավարումն է և մարդկանց զբաղեցնելը, մինչև կձևավորվեն նոր ուժեր»,- ասում էր Դելյոզը։ Որքան էլ դաժան են Դելյոզի մտքերը, չենք կարող չընդունել, որ վերջին տարիներին դպրոցը, համալսարանն իմաստազրկվում են։ Դրա ապացույցն ավագ դպրոցում և համալսարաններում հաճախումների խայտառակ վատ ցուցանիշն է։ Եթե նախկինում մեր խնդիրը դպրոց և համալսարան եկած երեխաներին և երիտասարդներին կրթություն տալն էր, ապա այսօր նրանց զգալի մասն այլևս դասի էլ չի գալիս։

Հիմա եթե մենք պատժենք Երևանի դպրոցի ուսուցչուհուն, մենք դրանով ոչ մի հարց չենք լուծի։ Մենք ուսուցիչներին և աշակերտներին դրել ենք հոգեվարք ապրող մի համակարգի մեջ։ Այդ համակարգում չեն կարող լինել նորմալ հարաբերություններ։ Հարվածող ուսուցիչը և նկարահանող աշակերտը մեզ ազդանշան են տալիս այն մասին, որ իրավիճակը լավ չէ։ Հետևաբար, ոչ թե պետք է դատապարտել կամ պաշտպանել նկարահանող աշակերտին և հարվածող ուսուցչին, այլ պետք է քայլ անել։ Եվ այդ քայլերը չեն կարող լինել չափորոշիչներ փոխելու, վերապատրաստումներ իրականացնելու տեսքով։ Ավելի խորքային միջամտություններ են պետք։ 

Այսօր Հայաստանը չունի ոչ մի արժեքային կողմնորոշիչ։ Մենք առանց պաշտպանիչ մեխանիզմների՝ տրվել ենք ժամանակակից աշխարհի վայրիվերումների հորձանուտին։ Ոչ նպատակներ ունենք, ոչ քարտեզներ ունենք, ոչ ուղենիշներ ունենք, ոչ հեղինակություններ ունենք, ոչ գործող ինստիտուտներ ունենք։ Նման իրավիճակում անխուսափելի է հասարակության կենդանականացումը, ագրեսիվացումը։ Կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության ոլորտների կառավարումը մեկ նախարարության ներքո իրականացնելը լուրջ  հնարավորություն է պարունակում։ Նախարարությունը, համախմբելով այդ ոլորտների ներուժը, կարող է ինչ-որ արժեքային, գաղափարական մի բան առաջարկել մեր հասարակությանը։ Բայց ես դեռ չեմ տեսել, որ կրթության, գիտության, մշակույթի և երիտասարդության ոլորտի մասնագետները մեկ սեղանի շուրջ քննարկեն ռազմավարական հարցեր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս