Սուրեն Պապիկյանի թիկնապահները Ռազմական ոստիկանության աշխատակցի են ծեծել
168.am-ի տեղեկություններով, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և նրա թիկնապահները Ռազմական ոստիկանության աշխատակցի են ծեծել ՊՆ շենքի դիմաց՝ ոստիկանական պահակախմբի համար նախատեսված պահակակետում։
Մեր այս հրապարակումից կարճ ժամանակ անց ՊՆ-ն հաղորդագրություն տարածեց.
«168.am-ի տարածած տեղեկությունը, թե «Սուրեն Պապիկյանը և նրա թիկնապահները Ռազմական ոստիկանության աշխատակցի են ծեծել», անհեթեթություն է, որը որևէ աղերս չունի և չի կարող ունենալ իրականության հետ: Պաշտպանության նախարարությունը պահանջում է անհապաղ հերքել տվյալ նյութը, հակառակ պարագայում նշված հրապարակման հերքմանը հետամուտ կլինի դատական կարգով»,- նշված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ:
Ըստ էության, հաղորդագրության հեղինակները հերքում են, որ ընդհանրապես նման միջադեպ է տեղի ունեցել, այն դեպքում, երբ այլ լրատվամիջոցներ ևս տեղեկացրել են միջադեպի մասին՝ հաստատելով, որ Պապիկյանի թիկնապահները ռազմական ոստիկանության աշխատակցի են ծեծել: