
«Սուտ մատնությամբ իշխանություն պահել հնարավոր չէ». Վահե Հովհաննիսյանը՝ Ավետիք Չալաբյանի ձերբակալության մասին

«Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Վահե Հովհաննիսյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․ «Ավետիք Չալաբյանի ձերբակալությունը և գռեհիկ մատնության պատմությունը իրականում այս իշխանության և մեր իրականության արտացոլումն է։ Ստացվում է՝ կիրթ, իրենց երկրին նվիրված մարդիկ այսօր պետք է լինեն բանտում կամ, լավագույն դեպքում, զուրկ լինեն որևէ լծակից՝ երկրի համար ճակատագրական զարգացումների վրա ազդելու։ Իսկ պատմական պատահականությունները պետք է որոշեն մեր երկրի ճակատագիրը։
Այս օրերին թափ առնող պայքարը հենց սա փոխելու է համար է։ Մեր երկիրը հիմա գլխիվայր շուռ է եկել։ Մեր երկիրը կարիք ունի գրագետ, կրթված ու փորձ ունեցող մարդկանց։ Միայն այդպես է հնարավոր այս անդունդից դուրս գալ։ Շաբաթներ առաջ Ավետիքի հետ քննարկում էինք համատեղ ծրագրերի մի գաղափար։ Վստահ եմ, որ բոլոր լավ գաղափարները ի վերջո իրականանալու են։
Ազատություն Ավետիք Չալաբյանին, ազատություն պայքարի բոլոր ակտիվիստներին։ Սուտ մատնությամբ իշխանություն պահել հնարավոր չէ։ Ավելին, վստահ եմ, որ այս պահից Ավետիքի և մյուսների ազատության համար պայքարը նոր թափ է ստանալու՝ դառնալով ավելի մոտիվացված։ Իսկ իշխանության կողմից նման պարզունակ քայլերը որևէ լուծման չեն տանում, ընդամենը մեծացնում են չարությունը»։