«Որևէ որոշում ընդունելիս պետք է շատ սթափ գնահատել՝ արդյո՞ք այդ որոշման պայմաններում երաշխավորված կլինի արցախցիների ֆիզիկական անվտանգությունը». ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյան

Այսօր կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ ավանդական ճեպազրույցի ժամանակ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Քրիստիննե Գրիգորյանը պատասխանեց այն հարցին, թե եթե որոշվի Արցախի կարգավիճակը, արցախցիների անվտանգությունն ինչպե՞ս պետք է պաշտպանված լինի:

«Որևէ քաղաքական կամ անվտանգությանը վերաբերող որոշում պետք է հիմքում ունենա մարդկանց, որովհետև մենք խոսում ենք այդ մարդկանց անվտանգությունն ապահովելու մասին, մնացած ամեն ինչը պետք է սպասարկի այս կարևոր նպատակին»,- ասաց ՀՀ ՄԻՊ-ը:
Քրիստիննե Գրիգորյանը նշեց՝ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը բազմաթիվ ապացույցներ ու զեկույցներ ունի այն մասին, որ ադրբեջանական պետության կողմից հայատյացության քաղաքականությունը շարունակվում է, այն համակարգային է, կառավարում է պետությունը, և ուղղակիորեն լրջագույն վտանգ է անձանց կյանքի իրավունքի   և անվտանգության վերաբերյալ։

«Սա նշան է, որ այստեղ ռիսկերը մեծ են, և որևէ որոշում ընդունելիս պետք է շատ սթափ գնահատել՝ արդյոք այդ որոշման պայմաններում երաշխավորված կլինեն, և այդ որոշման մեջ պետք է երաշխիքներ լինեն, նաև միջազգային, որ անձանց ֆիզիկական անվտանգությունը, հոգեբանական անձեռնմխելիությունը որևէ ձևով չպետք է լինի ռիսկի ներքո»,- ասաց նա։

Պաշտպանի խոսքով՝ միջազգային անվտանգային երաշխիքների համակարգը շատ զարգացած է:

«Այս պահին կոնկրետ մեկը չեմ կարող ասել, որ այ սա կերաշխավորի։ Սա մասնագիտական քննարկումների նյութ պետք է դառնա, և տեղից տեղեկության, որովհետև Արցախում տեղի ունեցող, սահմանամերձ, շփման գծին մոտ համայնքներում տեղի ունեցող իրադարձություններից կտրված՝ կուրորեն կլինի որոշում կայացնելը։ Այսինքն՝ այդ տեղեկատվությունն էլ է անհրաժեշտ, և այդ մեխանիզմները կան, այսինքն` հնարավոր է երաշխավորել, աշխարհն ունի այդ մոտեցումները, ուղղակի պետք է մինչև վերջ հետևողական լինել այս հարցում և որևէ ռիսկ հնարավորինս չեզոքացնել»,- եզրափակեց նա։

 

Տեսանյութեր

Լրահոս