«Մենք 30 տարում այդքան զոհ չենք տվել, ինչքան Փաշինյանի օրոք». Արմինե Ադիբեկյան
«Արևմուտքն անում է ամեն ինչ, որ դուրս մղի Ռուսաստանին տարածաշրջանից, և դրա համար Հայաստանին պետք է պոկել Ռուսաստանից և կցել Թուրքիային, որովհետև ուրիշ հետաքրքիր տարբերակ Արևմուտքի տեսակետից չկա: Մենք ունենք Իրան, որը բավականին կոնֆլիկտային վիճակում է Արևմուտքի հետ, կա Ռուսաստան, Վրաստանը մեզ նման դերակատարություն չունի, Ադրբեջանը՝ նույնպես, տակը մնում է Թուրքիան, որն այս տարածաշրջանում ներկայացնում է Արևմուտքի շահերը»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանը՝ ընդգծելով, որ Ռուսաստանը հիմա փորձնում է իր շահերը պաշտպանել և հետ բերել կորցրած դիրքերը:
Հատկապես ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին մեր տարածաշրջանում ակտիվացել է Արևմուտքի դերակատարությունը, ըստ այդմ՝ հայ-ադրբեջանական բանակցությունները հիմնականում տեղի են ունենում Բրյուսելի միջնորդությամբ, սակայն, պաշտոնական Մոսկվան վերջին շրջանում նույնպես սկսել է ակտիվություն ցուցաբերել, և Դուշանբեում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարների եռակողմ հանդիպում տեղի ունեցավ:
Արմինե Ադիբեկյանի խոսքով՝ Հայաստանի իշխանությունները պինգ-պոնգի նման գնում են Մոսկվա՝ մի բան են ասում, Բրյուսելում՝ այլ, երկրի ներսում երրորդ բանն են խոստանում, իսկ իրականում անում են չորրորդը. «Այսինքն՝ Արևմուտք-Ռուսաստան հակամարտության մեջ մենք ընդամենը խաղաքարտ ենք, բայց ցավն այն է, որ ՀՀ իշխանության գլխին գտնվում են անձինք, որոնք անգամ պատկերացում չունեն՝ ինչ է Հայաստանի և հայ ժողովրդի շահը, և նրանք սպասարկում են՝ այդ պահին ում տանը գտնվում են՝ նրա շահերը: Մի կողմից՝ մենք ունենք բարդ արտաքին աշխարհաքաղաքական իրավիճակ, մյուս կողմից՝ տկար, անգրագետ և անթասիբ իշխանություններ, սա է իրավիճակը»:
Նրա դիտարկմամբ՝ նման ոչ հստակ արտաքին քաղաքականության համար Հայաստանը պատժվելու է. «Արդեն կապ չունի՝ ով է մեզ պատժելու՝ Ռուսաստա՞նը, թե՞ Արևմուտքը, երկու դեպքում էլ կրելու ենք շատ դաժան պատիժ: Բայց, ի վերջո, եթե այս շարժումը չհաղթեց, և մեզ չհաջողվեց այս իշխանություններին դուրս մղել և զրկել իշխանությունից, մենք իրոք կորցնելու ենք Սյունիքը և դառնալու ենք Թուրքիայի վիլայեթ: Դա բավականին ռեալ վտանգ է, որովհետև Հայաստանը հեղեղված է ադրբեջանական և թուրքական զանգվածով՝ հայկական անձնագրերով կամ առանց, մենք ունենք մի քանի ճանապարհներ, որոնք հեշտացնելու են ադրբեջանական զորքերի ներխուժումը Սյունիք, և որպես տորթի վրայի բալ՝ «Shell»-ը հայտարարել է, որ մտնում է հայկական շուկա: «Shell»-ը բրիտանական կապիտալ է, որը «Սոկար»-ում ունի մասնաբաժին, և բնական է, որ նա իր բրենդի տակ վաճառելու է ադրբեջանական նավթամթերքը, ասեմ ավելին՝ դա նշանակում է, որ Սյունիքի միջանցքը Թուրքիայի հսկողության տակ արդեն ռեալ է, որովհետև «Shell»-ի պես ընկերությունը երբեք չէր մտնի կասկածելի կամ անհուսալի տարածաշրջան, այսինքն՝ եթե դա չլիներ հստակեցված, որ այս միջանցքը լինելու է թուրքական հսկողության տակ, այսինքն՝ Սյունիքը շարունակելու է համարվել հայկական տարածք, բայց լինելու է օկուպացված թուրքերի կողմից կամ հակառակը՝ մեր սահմանը գալու է մինչև Արարատյան դաշտ, չեմ կարող ասել: Մենք խաղաղ չենք ապրելու, որովհետև մեզ սկսելու են դուրս քշել մեր հայրենիքից՝ մինչև վերջին հայը»:
Ադրբեջանի հարցերով փորձագետն ընդգծեց՝ պատերազմի բացակայությունը ամենևին էլ խաղաղություն չէ. «Առանց ոչ մի կրակոցի՝ մեկ էլ մի գեղեցիկ օր պարզվում է, որ Հայաստանում մնացել է միայն մեկ ընտանիք, որը հայերեն շատ վատ գիտի: Չեմ ծայրահեղացնում, ես գիտեմ պատմությունը, ես գիտեմ պատճառահետևանքային կապը և գիտեմ՝ ովքեր են թուրքերը՝ և՛ ադրբեջանցիները, և՛ օսմանները: Գոյություն ունի կոնկրետ պատկեր, որ այդ մարդիկ չեն հանդուրժելու այս տարածաշրջանում ոչ մի բնիկ, որովհետև այդ բնիկները խանգարում են ոչ միայն իրենց էքսպանսիվ նկրտումներին, այլ նրանց ինքնասիրությանը, որովհետև հիմա արդեն այնքան են աճել, որ իրենց պետք է արիստոկրատիկ ծագում, իսկ այդ ծագումը նրանք չեն կարող ձևավորել, քանի կանք մենք, որովհետև մենք միշտ ասում ենք՝ չէ, դուք այն չեք, ինչ ձեր մասին մտածում եք»:
Արմինե Ադիբեկյանը պարզաբանեց, թե այս պահին ինչի համար է Հայաստանին իշխանափոխություն պետք. «Իշխանափոխությունը պետք է, առաջին հերթին, նրա համար, որ ազգի դավաճանները չկարողանան մարսել և վայելել իրենց դավաճանության պտուղները: Երկրորդ՝ պետք է իշխանության գան մարդիկ, որոնք ի վիճակի են միջազգային հանրության առաջ պատշաճ ձևով ներկայացնել Հայաստանի շահերը, որովհետև Հայաստանն այս չորս տարի է՝ միայն տալիս է, բաժանում է, մենք ոչ մի ձեռքբերում չունենք, բացի նրանից, որ Գռզոն ունեցավ իր սեփական ավիաընկերությունը և սկսեց չվերթներ կատարել Թուրքիա և հետ: Հայաստանը ոչ մի ձեռքբերում չունեցավ, Հայաստանը միայն կորցնում և նվիրում է, ու դրա անունը դրել են՝ «ապագա կա» և «խաղաղության դարաշրջան»»:
Դիտարկմանը՝ հասարակության մի հատված էլ հավատում է և ասում, որ հոգնել են պատերազմներից, ուզում են խաղաղ ապրել, նա արձագանքեց. «Կարո՞ղ եք հաշվել, թե քանի հոգի է զոհվել և առևանգվել սահմանին՝ Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալու օրվանից: Մենք 30 տարում այդքան զոհ չենք տվել, ինչքան Փաշինյանի օրոք: Ասեմ ավելին՝ արցախյան առաջին պատերազմը, որը տևեց 4 տարի, Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի զոհերով ներառյալ, կազմել է մոտ 10-12 հազար հոգի, ներառյալ՝ անհետ կորածները: Մենք 1.5 ամսում տվեցինք 5 հազարից ավելի զոհ՝ չհաշված անհետ կորածներն ու գերեվարվածները»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում