«Տպավորությունն այնպիսին է, որ իրավական գործընթացի հետ գործ չունենք». Ավետիք Չալաբյանի փաստաբան
Երեկ ոստիկանությունը խուզարկություն էր կատարել «ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանի բնակարանում, որից հետո նրան ձերբակալել էին։
Այնուհետև Քննչական կոմիտեն պաշտոնական հաղորդագրություն տարածեց, ըստ որի՝ Ավետիք Չալաբյանը ձերբակալվել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողներին ընդդիմության ցույցերին մասնակցության դիմաց նույն համալսարանի ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռելու կասկածանքով.
«Այս գործով Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (երթերին կամ ցույցերին մասնակցելուն բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով հարկադրելը) հարուցվել է քրեական գործ»,- նշված է հաղորդագրության մեջ։
168.am-ի հետ զրույցում Ավետիք Չալաբյանի փաստաբան Արթուր Հարությունյանն ասաց, որ այս պահին դեռ վաղ է հետևություններ անել, սա իրավակա՞ն, թե՞ քաղաքական գործընթաց է, միաժամանակ նշելով․
«Սակայն տպավորությունն այնպիսին է, որ իրավական գործընթացի հետ գործ չունենք։
Նրա ձերբակալության օրինաչափությունն իմ կողմից բողոքարկվել է Առաջին ատյանի դատարանում։ Այս պահին տեղեկություն չունենք, սպասում ենք, որպեսզի նշանակվի բողոքի քննության նիստը»։
Նշենք, որ այսօր ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ հրավիրվել է Քննչական կոմիտե։
Իսկ երեկ էլ խուզարկություն էր կատարվել ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Սուրեն Մանուկյանի բնակարանում։