Բաժիններ՝

Առանձնապես խոշոր չափերով դիզվառելիքի և ավտոբենզինի հափշտակության համար մեղադրանք է առաջադրվել ՊՆ պաշտոնատար անձին

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ Ա. Փ.-ն, 2021 թվականի հուլիսի 1-ից դեկտեմբերի 13-ը զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերից մեկի վառելիքաքսուքային նյութերի պահեստապետի պաշտոնը, յուրացման եղանակով հափշտակել է զորամասին հատկացված և իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով` ընդհանուր ավելի քան 3 մլն ՀՀ դրամ արժողությամբ դիզելային վառելիք, ավտոբենզին և ավտոբենզինի կտրոն:

Ինչպես հայտնում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից, ըստ առաջադրված մեղադրանքի` Ա. Փ.-ն, օգտագործելով պաշտոնեական դիրքը, ՀՀ ՊՆ զորամասի վառելիքաքսուքային նյութերի պահեստից 2021 թվականի հոկտեմբերի 31-ից դեկտեմբերի 6-ն ընկած ժամանակահատվածում յուրացման եղանակով հափշտակել է ընդհանուր ավելի քան 3 մլն ՀՀ դրամ արժողությամբ 1228 կգ դիզելային վառելիք, 3332 կգ ավտոբենզին և 2085 լիտր ավտոբենզինի կտրոն:

«Դիզելային վառելիքն Ա. Փ.-ն անօրինական ճանապարհով դուրս է բերել զորամասի տարածքից և 1 լիտրը 400 ՀՀ դրամով վաճառել Կոտայքի մարզի բնակչին: 2085 լիտրին համարժեք ավտոբենզինի կտրոններն էլ վաճառել է Երևանում գործող բենզալցակայանի աշխատակցին, իսկ հափշտակված 3332 կգ ավտոբենզինը իրացրել այլ անձանց:

Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Ա. Փ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս