Բաժիններ՝

ԱՄՆ-ի սենատորները կոչ են արել ծովային միջանցք ստեղծել Ուկրաինայից հացահատիկի դուրսբերման համար

Ամերիկացի օրենսդիրներն ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի վարչակազմին կոչ են անում՝ հումանիտար միջանցք ստեղծել Սեւ ծովում՝ միլիոնավոր տոննա հացահատիկի մատակարարումները կազմակերպելու համար, որոնք «արգելափակված են» Ուկրաինայի տարածքում: Այդ մասին հաղորդում է Politico հրատարակությունը:

Ավելի վաղ Բայդենը հայտարարել էր, որ Վաշինգտոնը դաշնակիցների հետ միասին ուկրաինական հացահատիկը համաշխարհային շուկա վերադարձնելու հնարավորություններ է փնտրում այդ ռեսուրսի գների նվազմանը հասնելու համար:

Թերթի պնդմամբ՝ ներկայում միլիոնավոր տոննա ցորեն, եգիպտացորեն եւ արեւածաղկի ձեթ է «արգելափակված» Ուկրաինայում. տեղական ֆերմերները պատրաստվում են բերքահավաքի, սակայն նրանք այն պահելու տեղ չեն ունենա, եթե չկարողանան այն ուղարկել արտասահման: Հրատարակությունը գլխավոր խնդիրը համարում է ուկրաինական նավահանգիստների աշխատանքի դադարեցումը, որը կապված է տարածաշրջանի ճգնաժամի հետ:

Ինչպես գրում է թերթը, ԱՄՆ-ի օրենսդիրները եւ միջազգային դիտորդները ծովային միջանցքը միակ միջոցն են համարում, որպեսզի բավականաչափ ծավալով մթերք մատակարարվի «պարենի եւ առաքման չափազանց մեծ գլոբալ ծախսերի պայմաններում»: Օրենսդիրների երկկուսակցական խմբի կարծիքով՝ Վաշինգտոնն այժմ «գործողությունների համար նեղ պատուհան» ունի, քանի որ իրադրությունն Ուկրաինայում վատթարանում է, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս