Ո՞վ է առաջատար Էրդողան, Քըլըչդարօղլու, Դեմիրթաշ մրցակցությունում. հարցում
«MetroPOLL Research» կազմակերպությունը փորձել է պարզել, թե Թուրքիայում որ քաղաքական գործիչն ունի ամենաբարձր վարկանիշը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Հիմնական «պայքարը» ծավալվել է Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, հիմնական ընդդիմադիր ուժ հանդիսացող, քեմալիստական ուղղվածության Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի և քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) անազատության մեջ գտնվող նախկին առաջնորդ Սելահաթթին Դեմիրթաշի միջև:
Հարցման համաձայն, եթե այս երեք թեկնածուները առաջադրվեն ընտրություններում, Էրդողանին պատրաստ են ձայն տալու հարցվածների 40.1%-ը, CHP-ի առաջնորդ Քըլըչդարօղլուին՝ 30.2, իսկ Դեմիրթաշին՝ 15.2 տոկոսը։
Մինչ ԱԶԿ-ի ընտրողների 97%-ը որպես կուսակցության կողմից առաջադրվելիք թեկնածու նախընտրում էր Էրդողանին, CHP-ի ընտրողների 80.2%-ն է նախապատվությունը տալիս Քըլըչդարօցլուին: Քըլըչդարօղլուի օգտին պատրաստ են քվեարկել ընդդիմադիր մեկ այլ՝ «Լավ» (İYİ) կուսակցության անդամների 60.3%-ը։
«CHP» և «İYİ» կուսակցության անդամներից մոտ 10%-ը նախապատվությունը տվել են Դեմիրթաշին։