Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Նիդեռլանդներում Փաշինյանի ելույթին

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Նիդեռլանդների միջազգային հարաբերությունների ինստիտուտում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին՝ հայտարարելով, որ ««անհիմն մեղադրանքները» կասկածի տակ են դնում այս երկրի խաղաղության ձգտումը»:

Այս մասին ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևան.«Նիդեռլանդների Քլինգենդայլ միջազգային հարաբերությունների ինստիտուտում ելույթի ժամանակ Ադրբեջանի հասցեին հնչեցված «անհիմն մեղադրանքները», այդ թվում՝ հումանիտար հարցերում, վկայում են այն մասին, որ Հայաստանի ղեկավարության դիրքորոշումը հեռու է անկեղծությունից՝ հարաբերությունների կարգավորման հարցում…

Եռակողմ հռչակագրի ստորագրումից մինչ օրս ականների պայթյունից զոհվել է 219 մարդ, որոնց մեծ մասը խաղաղ բնակիչներ են։ Ցավոք, մեր քաղաքացիները պարբերաբար զոհվում են ականներից, նաև այն բանից հետո, երբ հայկական կողմը տրամադրեց քարտեզներ, երկու պետությունների ղեկավարների բրյուսելյան հանդիպումից հետո…

Նման պայմաններում Հայաստանի վարչապետի մեղադրանքները, թե Ադրբեջանը մարդասիրական քայլեր չի ձեռնարկում, հայազգի կալանավորված անձանց չի վերադարձնում, «անտեղի ու անհիմն են»:

Սակայն այն փաստը, որ Հայաստանի վարչապետը շարունակում է «անհիմն մեղադրանքներ» (չակերտները՝ Tert.am) հնչեցնել Ադրբեջանի հասցեին, լրջորեն կասկածի տակ է դնում այս երկրի՝ հանուն խաղաղության գործելու ցանկությունը»,- ասված է հայտարարության մեջ։

Տեսանյութեր

Լրահոս